Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներն ընդդեմ մետրոյի ղեկավարության՝ այսօրվա դատական նիստի ավարտին դատավոր Սիմիզար Հովսեփյանը մետրոպոլիտեի ղեկավարությանը հորդորեց հաշտության եզրեր գտնել նախկին աշխատակիցների հետ։
Նրանք, հիշեցնենք, պնդում են, որ ազատվել են աշխատանքից ոչ թե վատ աշխատելու, այլ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքի գործողություններին մասնակցելու պատճառով: Մոտ երկու ժամ ընթացող դատաքննության փուլի մեկնարկին դատավորը ևս կողմերին առաջարկում էր հաշտության եզրեր գտնել, սակայն պատասխանող կողմը պնդում էր, որ այդ ժամանակներն արդեն անցել են և Մետրոպոլիտենը չի ցանկանում այլևս բանակցել Սևակ Հովհաննիսայնի, Անդրանիկ Գևորգյանի և Գագիկ Գալստանի հետ:
Այդուհանդերձ, այսօրվա նիստի ավարտին դատավոր Հովսեփյանը պատասխանող կողմին առաջարկեց հարցը մեկ անգամ ևս քննել ղեկավարության հետ, հակառակ դեպքում դատավորը կշարունակի դատական գործընթացը:
Պատասխանող կողմը որպես աշխատանքի թերացում և աշխատանքի հեռացման պատճառ նշում է գրանցամատյաններում աշխատանքի վերաբերյալ պատշաճ գրառումներ չանելու հանգամանքը։ Շարժասանդուղքի 15 տարվա փորձառություն ունեցող մասնագետները վստահեցնում էին, որ եթե նույնիսկ գրառումներում որոշակի անճշտություններ եղել են, ապա դա դեռ վատ աշխատանքի ցուցանիշ չէ, քանզի անմիջական ղեկավարի բանավոր հրահանգով նրանք այդ պահին կատարել են այլ աշխատանք:
Այդուհանդերձ, այսօր դատարանն այդպես էլ չլսեց, թե ինչու անգամ այդ թերացումների մասին ոչ մի գրավոր զգուշացում չի եղել և ղեկավարությունը միանգամից աշխատանքից ազատման որոշում է կայացրել:
Դատաքննության փուլում դատավորի ուշադրությունը կենտրոնացավ բավական ուշագրավ մի հանգամանքի վրա. Մետրոյի նախկին աշխատակիցների նույնիսկ այդ թերի աշխատանքները ընդունվել է նրանց վարպետի կողմից: Իսկ ո՞ւր է այսօր այդ վարպետը, հարց տվեց դատավորը: Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը պատասխանեց՝ տուգանեցինք, գործից չհանեցինք, որովհետև համապատասխան մասնագետ չունեինք:
Պատասխանող կողմը պնդում է, որ Սևակը, Գագիկն ու Անդրանիկը նյութական լուրջ վնաս են պատճառել Մետրոպոլիտենին, սակայն նախորդ դատական նիստի օրը այդպես էլ չհրապարակեցին այդ վնասի չափը: Այսօր Մետրոպոլիտենի ղեկավարությունը փորձեց փաստաթղթեր ներկայացնել դատավորին վնասի չափի մասին, դատարանը, սակայն չընդունեց դրանք։
Դատավոր Հովսեփյանի համար տարօրինակ էր, որ աշխատանքից մարդիկ ազատվել են փետրվարին՝ մետրոյին նյութական վնաս պատճառելու համար, սակայն մետրոն վնասի ուսումնասիրություն կատարում է ապրիլ-մայիս ամիսներին:
Այս հանգամանքը շեշտելով՝ հայցվորի շահերի ներկայացուցիչ Քրիստինա Գևորգյանն ավելացրեց, որ պատասխանող կողմը հիմնավոր փաստեր չբերեց՝ ապացուցելու, որ մետրոյի համապատասխան սարքավորումները փչացել են փետրվարին, և ոչ թե դրանից հետո:
Գևորգյանը, մեջբերելով Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածները, իր խոսքում նշեց, որ պատասխանող կողմը կարգապահական թերությունների մասին մինչև օրս խոսել է, սակայն չի հիմնավորել 15 տարվա աշխատողներին առանց զգուշացման աշխատանքից հեռացնելու անհրաժեշտությունը։