Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Պահանջում ենք ճանաչում»


«Թուրքիայից պահանջում ենք [Հայոց ցեղասպանության] ճանաչում: Իսկ թե հետո ինչ կհետևի, այդ ամենը բանակցությունների առարկա է», - ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահը:

Պոզների դիտարկմանը, թե արդյոք Անկարան հրաժարվում է ճանաչել Ցեղասպանության փաստը, որովհետև մտավախություն ունի, որ դրանից հետո Հայաստանը կարող է նյութական փոխհատուցման, հողերի վերադարձի պահանջ ներկայացնել, Սերժ Սարգսյանն արձագանքել է․ - «Կարծում եմ, պահանջների մասին ավելի շատ խոսում են թուրքական հասարակությունում, քան հայաստանյան: Միգուցե Թուրքիայի իշխանությունները նման մտավախություն ունեն, բայց ես կարծում եմ, որ դա հարցի երկրորդ կողմն է: Առաջին կողմը ճանաչումն է: Դուք խոսեցիք Գերմանիայի նախագահի հայտարարությունից այն ժ֊ամանակվա Գերմանիայի մեղսակցության վերաբերյալ: Իմ կարծիքն է՝ դա համոզված, ուժեղ մարդու ելույթ էր։ Դա մի մարդու ելույթ էր, ով մտահոգված է ժողովուրդների միջև հետագա հարաբերություններով: Ճանաչումները տարբեր են լինում: Մենք կարիք ունենք այդպիսի ճանաչման: Իսկ փոխհատուցումների, այլ պահանջների մասին․․․ Մենք հանդիսանում ենք միջազգային հանրության մի մասը և մենք տարբեր կազմակերպությունների պատասխանատու մասնակից ենք՝ ՄԱԿ-ից մինչև Եվրոպայի խորհուրդ, ԱՊՀ, և պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնատար անձ այս 20-25 տարիների ընթացքում ոչ մի անգամ չի խոսել որևէ պահանջի մասին: Սա ինչ-որ բանի մասին խոսում է»:

Իսկ հարցին՝ «Հարյուրամյակի կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում»: Ի՞նչ եք պահանջում», Սերժ Սարգսյանը պատասխանել է․ - «Պահանջում ենք ճանաչում: Իսկ թե հետո ինչ կհետևի, այդ ամենը բանակցությունների առարկա է»:

Հարցին, թե ինչու ԱՄՆ-ն ու Իսրայելը առ այսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, Հայաստանի նախագահը արձագանքել է․ - «Որովհետև Միացյալ Նահանգների, Իսրայելի համար շահերը ավելի կարևոր են, քան համամարդկային արժեքները: Տվյալ դեպքում նրանք ասում են, որ ելնում են իրենց ազգային շահերից»:

«Օսմանյան կայսրության պաշտոնյաների կողմից ցեղասպանության իրկանացման համար մենք մեղավոր չենք համարում Թուրքիայի ներկայիս իշխանություններին, բայց երբ նրանք ժտում են [Հայոց ցեղասպանության փաստը] նրանք արդեն դառնում են մեղասակիցներ», - ասել է Հայաստանի նախագահը:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ փաստաթղթերը հետ է կանչել խորհրդարանից, որպեսզի մեկ անգամ ևս նախազգուշացնի Թուրքիայի իշխանություններին՝ Հայաստանը մտադիր չէ հավերժ սպասել թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանը․ - «Դա իրավական քայլ չէր, այլ քաղաքական, որովհետև, մեր օրենսդրության համաձայն, իրավական քայլ կլիներ ստորագրությունների հետկանչը: Այդ դեպքում կնշանակեր, որ այդ փաստաթղթերը այլևս գոյությոն չունեն։ Սակայն այդ փաստաթղթերը այսօր գոյություն ունեն, և եթե թուրքական խորհրդարանը վավերացնի դրանք, կարծում եմ, մեր խորհրդարանը նույնպես կարող է դա անել: Չնայած հույս չունեմ, որ թուրքերը առաջիկայում դա կանեն»:

Վլադիմիր Պոզները հետաքրքրվել է՝ ափսոսո՞ւմ եք, որ ԽՍՀՄ-ը այլևս գոյություն չունի: Սերժ Սարգսյանի պատասխանը․ - «Իհարկե, Խորհրդային Միությունը շատ բան տվեց Խորհրդային Հայաստանին, հայերին: Պատկերացնու՞մ եք, Ցեղասպանությունից հետո փոքրաքանակ ազգ՝ դագանակված, սրատված, և 50-60 տարի անց այդ հանրապետությունը դարձավ ԽՍՀՄ ամենաառաջատար հանրապետություններից մեկը»:

Հակառակ Պոզների սպասմանը՝ նախագահն այստեղ «բայց» չի ասել․ - «Եկեք չասեմ: Իհարկե, մենք ավելի անվտանգ էինք Խորհրդային Միություն: Կարելի է հազար լավ խոսքեր ասել Խորհրդային Հայաստանի վիճակի մասին, բայց երբ ԽՍՀՄ արտգործնախարարը նաև հայ ժողովրդի անունից ծաղկեպսակ է դնում Աթաթուրքի գերեզմանին, դա ցավալի է»:

«[Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը], որովհետև Ադրբեջանի հետ բանակցություններ ենք վարում: Ճանաչել ԼՂՀ-ն՝ նշանակում է հրաժարվել բանակցային գործընթացից», - հայտարարել է նախագահ Սարգսյանը:

Հարցին՝ օրերս Երևանում էր նախագահ Պուտինը, դուք նրա հետ խոսե՞լ եք Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի վաճառելու մասին, Հայաստանի նախագահը պատասխանել է․ - «Շատ անգամ ենք խոսել: Չէինք կարող չխոսել: Հարցը հետևյալն է՝ մենք այսօր ունենք մարտունակ բանակ, և շատ միջոցներ են հարկավոր մարտունակ բանակ ունենալու համար: Գիտեք, որ Հայաստանը չունի շատ միջոցներ, սակայն ունի մարտունակ բանակ: Դա շնորհիվ նաև Հայաստանի դաշնակիցների, իսկ Հայաստանի առաջին ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է: Վստահ եմ, որ Ռուսաստանի գլխավոր շտաբում շատ լավ պատկերացնում են, թե ինչ հետևանքներ կունենա ուժերի հավասարակշռության խախտումը: Մեծ հույս ունեմ, որ այդ հաշվարկները ճիշտ են: Մենք ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս կարող ենք արգելել Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին: Վիրավորվե՞լ, ամեն անգամ այդ մասին շատ ու բարձրաձայն խոսել, հայհոյե՞լ: Դա ինչ է, օգու՞տ կտա»:

Անդրադառնալով նախագահ Սարգսյանի խոսքերին, թե ԽՍՀՄ-ում ավելի անվտանգ էր՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մենք ընտրել ենք անկախություն և մենք ուզում ենք ազատ ապրել: Իհարկե անվտանգ է գնալ մեկի վասսալը լինել, որը քո մի կտոր հացը կտա: Բայց՝ ոչ միայն հացիվ․․․ Յուրաքանչյուր պետություն պայքարում է իր անկախության համար և գին է վճարում այդ անկախությունը փայփայելու, ապահովելու համար»:

XS
SM
MD
LG