Մատչելիության հղումներ

«Հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում»


«Հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում»
please wait

No media source currently available

0:00 0:05:33 0:00

Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հետո այս խոսքերը հնչեցրեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչելու էին եկել վեց տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակներ:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ասաց, որ և՛ Հայաստանը, և՛ Կիպրոսը անպատժելիության զոհեր են․ - «Նախագահի վճռական դիրքորոշումը ողջունում եմ: Պատշաճ ժամանակն է, որ ճանաչվի կատարվածը: Դա ուղի կհարթի հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանի խաղաղության համար: Այստեղ ենք հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին, որ կարողացավ կենդանի մնալ՝ միլիոնավոր նախնիների արյան գնով»:

«Ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը մեր արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է լինելու», - Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: - «Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մեկուկես միլիոն մարդ սպանվեց: Մենք Ծիծեռնակաբերդում ենք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ բարձրաձայնելու. «Թո՛ղ այսուհետ աշխարհի որևէ ծայրում հուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի՝ հիշատակելու պատմության նոր ամոթալի էջեր, թո՛ղ նոր «ծիծեռնակաբերդեր», «յադ վաշեմներ», «մահվան հովիտներ» և «գիզոզիներ» չլինեն»»:

Սերժ Սարգսյանը կրկնեց Դեր Զորի՝ այսօր արդեն պայթեցված եկեղեցում արտաբերած բառերը․ - «Մենք ծրագրում ենք ապրել ու շատանալ: Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով՝ և՛ մեր, և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետև դեռ շատ բան ունենք ասելու և տալու միմյանց, շատ բան ունենք ասելու և տալու աշխարհին»:

«Խիղճն ու ազնվությունն են մերժողականության հականիշը»․ այս խոսքերով Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստան ժամանած նախագահներին, բոլոր նրանց, ովքեր այսօր հայերի կողքին են, բոլոր նրանց, ովքեր կուզենային հայերի կողքին լինել: - «Շնորհակալ ենք այս տարի աշխարհով մեկ անցնող միջոցառումների ընթացքում հայ ժողովրդի կողքին կանգնած՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց: Շնորհակալ ենք այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին. նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար»:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում են չորս երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները: Ֆրանսիան ոչ միայն ճանաչել, այլև խոստացել է քրեականացնել ցեղասպանության ժխտումը:

Երևանում նախագահ Օլանդը հայտարարեց․ - «Եկել եմ ասելու իմ հայ բարեկամներին, որ մենք երբեք չենք մոռանա ողբերգությունները, որոնցով անցել է ձեր ժողովուրդը: Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորություն է․․․ 2001-ին Ցեղասպանությունը ճանաչող օրենքը ճշմարտության ակտ է: Միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը»:

Ֆրանսիայի նախագահը նաև հաշտության կոչեր արեց այսօր․ - «Ֆրանսիան իր գործընկերների հետ ամեն ինչ անելու է՝ գտնելու խաղաղության լուծում: Հայոց ցեղասպանության 100-ամյակը կոչ է խաղաղության, կոչ է հաշտեցման: Սա է Երևանի ուղերձը։ Հուսով եմ, որ հայ-թուրքական սահմանն ի զորու կլինենք առաջիկայում բացել»:

Օլանդի կարծիքով, շատ կարևոր բառեր կան, որ Թուրքիայում արդեն հնչել են, բայց շատ կարևորներն էլ կան, որ դեռ սպասում են հնչելու՝ մեղմացնելու համար ցավը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց․ - «Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական․ մարդկանց զանգվածային սպանությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացում»:

Պուտինը նկատեց՝ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի դեմ իրականացված բռնությունների միջազգային դատապարտմանը․ - «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածը ուղղակիորեն կոչեցին մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն:

«Մենք այսօր սգում ենք Հայ ժողովրդի հետ: Ռուսաստանյան հարյուրավոր քաղաքներում՝ ընդգծում եմ՝ հարյուրավոր քաղաքներում ավելի քան երկու հազար հիշատակի միջոցառումներ տեղի կունենան», - տեղեկացրեց Ռուսաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն, որպեսզի բոլոր ազգերը կարողանան ապրել խաղաղության և համաձայնության մթնոլորտում՝ չիմանալով այն սարսափների մասին, որոնց հանգեցնում է կրոնական թշնամանքն ու ագրեսիվ ազգայնականությունը՝ քսենոֆոբիան: Ցավոք՝ այժմ աշխարհի շատ տարածաշրջաններում կրկին գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում ռադիկալ նացիոնալիստները, թափ է հավաքում նաև հակասեմիտիզմը, ականատես ենք լինում ռուսաֆոբիայի դրսևորումների: Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչո՞ւ այս ամենը տեղի ունենում, ի՞նչն է դրա պատճառը: Աշխարհի կարևորագույն տարածաշրջաններում ցանկացած քայլ նախաձեռնելուց առաջ հարկավոր է նախևառաջ մտածել այն մասին, թե ի՞նչ տեղի կունենա հետո, մտածել հետևանքների մասին»:

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարեց․ - «Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար»:

Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման արարողությունը սկսվեց պաշտոնական պատվիրակությունների ժամանմամբ: Հայաստանի նախագահին և առաջին տիկնոջը իրենց խոսքն ուղղելով՝ տասնյակ երկրների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ հայ երեխաների ուղեկցությամբ դեղին վարդեր տեղադրեցին «Հիշում եմ և պահանջում» վերտառությամբ և անմոռուկի տեսք ունեցող ծաղկեպսակի վրա:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանի անունից այսօր, ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, նախագահի նստավայրում տրվել է նաև պաշտոնական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով՝ առաջարկելով բաժակ բարձրացնել «հանուն ողջ մարդկության խաղաղ համագոյակցության, լույս սերմանող և լույս ծնող խաղաղության»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG