Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար:

«Դուք այսօր Ձեր ելույթում ասացիք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս 100 տարի առաջ ճանաչել է և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ համարել է, որ այն գործողությունները, որոնք Օսմանյան կառավարությունն իրականացրել է հայերի նկատմամբ, հանցագործություն են մարդկության դեմ, և այդ հանցագործությունը պետք է պատժվի: Դա վկայում է Ռուսաստանի քաղաքականության հետևողականության մասին», - ասել է Սերժ Սարգսյանը:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտին իր հերթին նշել է. - «Մենք միշտ եղել ենք մտերիմ դաշնակիցներ, եղել ենք և այդպիսին կլինենք ապագայում: Այսօր մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են: Այժմ չեմ խոսի քաղաքականության մասին, այն ինքնըստինքյան հասկանալի է, մենք աջակցում ենք միմյանց միջազգային հարթակներում: Սերտորեն աշխատում են մեր արտաքին գործերի նախարարությունները, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների ոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը: Տնտեսական հարաբերությունները ևս դրական դինամիկա ունեն: Չնայած անցյալ տարվա բոլոր դժվարություններին, մենք առևտրաշրջանառության աճ ունենք, և կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան: Ռուսաստանյան կապիտալի ներդրումները Հայաստանում աճում են, բոլոր օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը ռուսաստանյան ծագման ներդրումներ են։ Ինձ շատ հաճելի է այսօր այստեղ գտնվել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ խոսել մեր փոխգործակցության ամբողջ համալիրի մասին: Շնորհակալություն հրավերի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG