Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ցմահ դատապարտված դիվերսանտը հնարավոր է դիմի Բակո Սահակյանին


Ղարաբաղում ցմահ դատապարտված դիվերսանտը հնարավոր է դիմի Բակո Սահակյանին
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00

Դիլհամ Ասկերովի փաստաբանի փոխանցմամբ՝ ԼՂ նախագահին հնարավոր է դիմեն՝ ներում շնորհելու խնդրանքով։

Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտները վճռաբեկ բողոք կներկայացնեն:

Ցմահ ազատազրկված Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանն «Ազատության»-ն ասաց, որ Ասկերովն իրեն մասնակի է մեղավոր ճանաչում, չի ընդունում լրտեսության, ինչպես նաև առևանգման և սպանության մեղադրանքները: Փորձելու են հասնել նրան, որ Վճռաբեկն այս հոդվածների մասով Ասկերովին անմեղ ճանաչի: Բողոքի երկրորդ մասով, ակնկալում են, որ ցմահ ազատազրկումն ավելի մեղմ պատիժով փոխարինվի: Բեգլարյանի խոսքով՝ քննարկվել է նաև ներում շնորհելու խնդրանքով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին դիմելու հարցը:

«Դրա մասին իմ պաշտպանյալը մի անգամ խոսել է իմ հետ, մինչև այսօր ինքը նման ցանկություն չի հայտնել՝ վերջնականապես ներման խնդրանքով դիմի նախագահին: Եթե ընդհուպ ցանկություն էլ ունենա դիմելու, մեկ է պիտի սպասենք, որ օրինական ուժի մեջ մտնի դատավճիռը, որից հետո արդեն ներման խնդրանքով դիմենք նախագահին», - ասաց փաստաբանը:

22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը ևս հայտնեց, որ իր պաշտպանյալը վճռաբեկ բողոք ներկայացնելու մտադրություն ունի:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին Ստեփանակերտում առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, դիվերսիայի և սպանության համար։ Այս տարվա մարտին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը:

Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանը օրերս այցելել է մեկուսարանում պահվող ադրբեջանցիներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել, թե ինչ պայմաններում են նրանք պահվում:

«Որպես իրավապաշտպան, որը հնարավորութուն է ունեցել այցելելու շատ բանտեր ու մեկուսարաններ արևմտյան, եվրոպական երկրներում, պատկերացում ունեմ, թե ինչպես պետք է նման հաստատությունները հետևեն բանտարկյալներին պահելու նորմերին: Ես կարող եմ փաստել, որ պայմաններն ամբողջովին համապատասխանում են միջազգային նորմերին ու ոչ մի բանով չեն զիջում աշխարհի շատ զարգացած երկրներին», - նկատեց իրավապաշտպանը:

Օհանջանյանի հետ զրույցում ևս Ասկերովը և Գուլիևն անդրադարձել են ներում շնորհելու խնդրանքով Բակո Սահակյանին դիմելու հարցին:

«Մինչև նախագահին դիմելը նրանք պետք է բոլոր ատյաններով անցնեն: Նրանք հույս ունեն, որ Վճռաբեկ դատարանը կվերանայի որոշումն իրենց նկատմամբ, և հաջողության չհասնելու դեպքում նրանք մտադիր են դիմել նախագահին», - ասաց Օհանջանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG