Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների հիմնական մասի ավարտից հետո ներքաղաքական կյանքում կրկին առաջնային է դառնում սահմանադրական բարեփոխումների թեման:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, այժմ իրենք սպասում են քաղաքական տարբեր ուժերի արձագանքներին, այնուհետև՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ուժի ղեկավարն ասում է՝ եթե երկրի կառավարման խորհրդարանական համակարգ առաջարկող հայեցակարգի շուրջ քաղաքական ուժերի անհրաժեշտ կոնսոլիդացիա չձևավորվի, ապա քննարկման կդրվի նաև բարեփոխումների երկրորդ տարբերակը, որը միտված կլինի գործող կիսանախագահական համակարգը ավելի բարեփոխելուն:
«Մասնագիտական հանձնաժողովը նաև վերջնական իր եզրահանգումը կտա, կամփոփի մեր բոլոր առաջարկություններն ու դիրքորոշումները, նոր դրանից հետո Հանրապետության նախագահը կորոշի, թե ինչ կոնտեքստով է Ազգային ժողով ուղարկում հայեցակարգը», - նշեց նա:
Բաղդասարյանն ասաց, որ ինչպես և Ցեղասպանության հիշատակման դեպքում, ցանկանում են միասնականություն տեսնել նաև բարեփոխումների քննարկումներին մասնակցելու հարցի շուրջ: Լինի կողմ, թե դեմ՝ քննարկելը կարևոր է, ասում է իշխող խմբակցության ղեկավարը և հավելում, որ մինչ այդ նախ պետք է կուսակցությունները իրենց ներսում միասնական կարծիք ունենան։
«Հանրապետականի 70 հոգանոց խմբակցությունում լինում են բազմաթիվ կարծիքներ, բայց երբ թիմային է խնդիրը լինում, որոշումը կայացնում են միաձայն, բայց հինգ հոգանոց, յոթ հոգանոց խմբակցություններում չեն կարողանում որոշում կայացնել», - նշեց նա:
Սահմանադրական բարեփոխումների հարցով Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ներկուսակցական սկանդալի կենտրոնում հայտնված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք այժմ սպասողական վիճակում են, իշխանություններին ներկայացրել են իրենց առաջարկները, որոնցից էր, օրինակ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Սպասում են, որ շուտով կլինի իշխող ուժի արձագանքը, որից հետո էլ կորոշեն, մասնակցո՞ւմ են բարեփոխումների շուրջ քննարկումներին, թե ոչ։
«Վերջին հանդիպման ժամանակ պարոն Սերժ Սարգսյանի հետ որոշակի քաղաքական կամք արտահայտվեց, որ իրենք պատրաստ են քննարկել հարցերը: Առայժմ մենք որևէ գործնական քայլ չենք տեսել: Կամ գուցե զբաղված էին 100-րդ տարելիցո՞վ», - ասում է նա:
Սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվող Դաշնակցությունում առաջարկների 28 կետանոց փաթեթ են կազմել: Պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այն արդեն ուղարկել են մասնագիտական հանձնաժողովին, սպասում են առաջարկների պատասխանին։ Նա չբացառեց, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ համաձայնության գալը կարող է նաև Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հիմք դառնալ, բայց դեռ նման առաջարկ չեն ստացել։
«Եթե իշխանության մեջ լինելը օգնում է այդ խնդրի արդյունավետ լուծմանը, ուրեմն պետք է լինես իշխանության մեջ, իշխանության հետ: Եթե ընդդիմադիր դաշտում է խնդիրը ավելի հեշտությամբ լուծվում, ուրեմն պետք է լինես ընդդիմադիր դաշտում», - մեկնաբանեց նա:
Սահմանադրական բարեփոխումներին շարունակում է կտրականապես դեմ արտահայտվել միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ բարեփոխումների հանրաքվեն դարձնելու են Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու միջոց:
Ազգային ժողովի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունում՝ «Բարգավաճ Հայաստանում», դեմ են խորհրդարանական կառավարման մոդելին, մինչդեռ կիսանախագահականը բարեփոխելուն ոչ միայն կողմ են, այլև պատրաստվում են առաջարկների փաթեթ ներկայացնել։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը ասաց, որ հիմնական առաջարկներից մեկը լինելու է պատասխանատվության մեխանիզմների սահմանումը։
«Օրինակ, եթե Կառավարությունը իր ծրագրում գրել է, որ 5-ից 7 տոկոս աճ պետք է ունենա, կամ 4.1 տոկոս, ու չի կատարում, դրանից ավտոմատ չի բխում, որ Կառավարությունը պետք է հրաժարական տա: Մենք պետք է կարողանանք սահմանել այդ պատասխանատվության սահմանը: Պատասխանատվությունը՝ կա քաղաքական, կա իրավական: Իրավական՝ նշանակում է, որ ավտոմատ դու հրաժարական ես տալիս: Քաղաքական պատասխանատվությունը կարող է լինի, որ այս Կառավարությունը համարում է, որ ձախողվել է, նոր կառավարություն է ձևավորում, և այլն, և այլն», - ասաց պատգամավորը:
Առաջիկա օրերին կուսակցությունները կամփոփեն իրենց առաջարկները և կներկայացնեն մասնագիտական հանձնաժողովին։ Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարի կարծիքով, բարեփոխումների հայեցակարգը ԱԺ կներկայացվի սեպտեմբերին։