Միջազգային առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին այսօր Երևանում տեղի ունեցող միջոցառումներին:
CNN-ը, BBC-ն, Euronews-ը, France 24-ը և Россия 24-ը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում առավոտյան ժամը 10-ից մեկնարկած միջոցառումը:
CNN-ը, BBC-ն, France 24-ը, Deutsche Welle-ն, Россия 24-ը Հայոց ցեղասպանության թեման ներառել են իրենց գլխավոր թեմաների մեջ:
«Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները, որոնք սկսվեցին ուղիղ հարյուր տարի առաջ ապրիլի 24-ին, որոշ գիտնականների և այլոց համոզմամբ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, չնայած «ցեղասապություն» բառը այդ ժամանակ գոյություն չուներ», - հայտնում է CNN-ը:
BBC-ի կայքէջի առաջին թեման մի քանի ժամ շարունակ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն ու այսօր Երևանում կայացած հիշատակման միջոցառումներն էին:
«Մի քանի հարյուր հազար հայ սպանվեց օսմանյան թուրքերի կողմից, որոնց կայսրությունը քայքայվում էր: Հայաստանը նշում է, որ սպանվել է մինչև 1.5 միլիոն մարդ: Թուրքիան պնդում է, թե սպանվածների թիվը շատ ավելի փոքր է: Տեղի ունեցածը ցեղասպանություն են որակել նաև ավելի քան 20 պետություններ, ներառյալ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Ռուսաստանը և միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրախորհրդարանը»,- նշում է բրիտանական հեռարձակողը: