Մատչելիության հղումներ

Թուրքական իշխանությունները շարունակում են քննադատել Հռոմի պապին


Թուրքական իշխանությունները շարունակում են քննադատել Հռոմի պապին
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00

Պաշտոնական Անկարան պնդում է, որ Հռոմի պապի վերջին հայտարարությունների դրդապատճառները նրա արգենտինական ծագումն է և հայերի հետ ունեցած վաղեմի կապերը: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին ներկայացուցիչների հետ զրույցում նշել է Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզկիրը:

«Ֆրանցիսկոս պապը Արգենտինայի քաղաքացի է: Իսկ մենք գիտենք, թե ինչ խորը արմատներ ունի այդ երկրում գործող հայ համայնքը: Այնպես որ, կարծում եմ, որ հենց այս գործոնները դեր խաղացին Հռոմում կիրակի օրը հնչեցված հայտարարությունների դեպքում», - նշել է թուրք նախարարը՝ հավելելով, թե տարօրինակ է, երբ արգենտինական ծագում ունեցող մարդն է խոսում ցեղասպանության մասին:

«Մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, որ Հռոմի պապը ներկայացնում է մի երկիր` Արգենտինան, որը ժամանակին ապաստան էր տրամադրում գերմանացի նացիստներին, գործիչների, ովքեր անասելի հանցագործություններ էին կատարել մարդկության դեմ», -հայտարարել է Բոզկիրը:

Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը երեկ երեկոյան ևս բավական կոշտ հայտարարություններ է հնչեցրել Կաթոլիկ եկեղեցու հովվապետի հասցեին:

«Այդ ժամանակաշրջանում հայերը միակը չէին, ովքեր մեծ զրկանքներ կրեցին: Նույնը կարելի է ասել թուրքերի և քրդերի մասին: Օսմանյան կայսրությունում բնակվող բոլոր մահմեդականներն էլ ահավոր տառապանքների ու զրկանքների միջով են անցել», - հայտարարել է թուրքական խորհրդարանի նախագահը:

Այսօր արդեն, ի դեպ, նկատելի է, որ, Հռոմի պապի կիրակնօրյա հայտարարության դեմ Թուրքիայից հնչող քննադատությունը խնամքով կազմակերպված քարոզչական արշավի բնույթ է ստանում: Այդ արշավում կարծես կարևոր դեր է հատկացված Հայաստանին սահմանակից Կարս քաղաքին: Երեկ այստեղ Ֆրանցիսկոս պապի հայտարությունների դեմ էին բողոքում տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` պնդելով, թե ժամանակին հենց Կարսում հայերը թուրքերի կոտորած են իրականացրել: Այս հավաքին մասնակցում էին նաև տեղի իշխանությունները:

«Մենք աջակցում ենք Կարսի բնակիչներին, Կարսի քաղաքացիական հասարակությունը և միասնաբար հայտնում ենք մեր ցանկությունը: Մենք ուզում ենք, որ աշխարհում խաղաղություն լինի, իսկ Աստված բոլորին, այդ թվում Հռոմի Պապին, հուշի, թե որն է ճշմարիտ ուղին», - նշել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:

Թուրքիայի սահմաններից դուրս, ի դեպ, Կաթոլիկ եկեղեցու հովվապետի հայտարարություններին առայժմ բավական զուսպ են արձագանքում:

Այսպես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում հայտարարել է․ - «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը 1915 թվականի հայերի հալածանքները դաժան հանցագործություն է համարում, դրա հետ մեկտեղ չի շտապում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակել: Գլխավոր քարտուղարը համոզված է, որ ոգեկոչելով զոհերի հիշատակը, հիշելով 1915 թվականի իրադարձությունները, ինչպես նաև տեղի ունեցածի վրա լույս սփռելուն ուղղված համագործակցություն ծավալելով` մենք կամրապնդենք մեր ընդհանուր ձգտումը` երբեք այլևս թույլ չտալ նման ոճրագործության կրկնությունը»:

Գերմանիայի կառավարության խոսնակ Քրիստիան Վիրցը, անդրադառնալով Ֆրանցիսկոս պապի հայտարություններին, նշել է․ - «Գերմանիայի կառավարությունը չի ցանկանում միջամտել այս խնդրին: Սա մի հարց է, որով պետք է զբաղվեն փորձագետներն ու պատմաբանները»:

Իսկ Եվրամիության ներկայացուցիչ Մայա Կոցիյանչիչը, օգտվելով առիթիվ, մեկ անգամ ևս կոչ է արել Երևանին և Անկարային լրջորեն մտածել հարաբերությունները բարելավելու մասին: «Կողմերը պետք է հավելյալ, իմաստալից քայլեր ձեռնարկեն, որոնք լիակատար հաշտեցման հնարավորություն կարող են ստեղծել», - նշել է Կոցիյանչիչը:

XS
SM
MD
LG