Մատչելիության հղումներ

ՀԽ-ի կալանավորված անդամները կբողոքարկեն կալանքի մասին որոշումը


ՀԽ-ի կալանավորված անդամները կբողոքարկեն կալանքի մասին որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կալանավորված հինգ անդամների փաստաբանները այսօր և վաղը կբողոքարկեն դատարանի՝ կալանավորման մասին որոշումը։

Շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Հայկ Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց՝ ցանկանում են ապացուցել, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստելու մեջ մեղադրվող անձանց գործը քննելու համար երկամսյա կալանքը պարտադիր չէր։

«Դատարանը շարադրել է, որ ազատության մեջ մնալով, կալանքը չկիրառելով անհնար է գործի հետագա քննությունը, որովհետև նրանք մնալով ազատության մեջ կկատարեն որոշակի այլ գործողություններ, որոնք ուղղված կլինեն զանգվածային անկարգությունների կազմակերպմանը կամ այլ հանցագործություն կատարելուն կամ կթաքնվեն»,- ասաց Գևորգյանը։

Փաստաբանը կարծում է, որ դատարանի որոշումը անհիմն է, քանի որ քրեական գործում բավարար հիմքեր չկան, և բողոքարկման արդյունքում դատարանը պետք է չեղյալ համարի կալանավորման որոշումն ու ավելի մեղմ խափանման միջոց ընտրի։ Բողոքարկման մասին տեղյակ են նաև կալանավորվածները։ Հայկ Գրիգորյանը նրանց հետ երեկ երեկոյան է հանդիպել. պատմեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամների առողջական վիճակը լավ է, Պավլիկ Մանուկյանը մարտական ընկերների հորդորով դադարեցրել է հացադուլը։

«Ամենախիստ ռեժիմի է սահմանված նրանց նկատմամբ և «Վարդաշենում», և «Նուբարաշենում», այսինքն հարազատների հետ տեսակցությունը արգելված է, նամակագրությունը և արտաքին աշխարհի հետ կապը ևս արգելված է»,- փոխանցեց փաստաբանը։

Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, արդեն մեկ շաբաթ է ամուսնուն չի տեսել, տեսակցելն արգելված է, Քննչական կոմիտեում Սեֆիլյանի կնոջը ասել են, որ դա քննության շահերից է բխում։

«Ասացի՝ ի՞նչ հիմնավորմամբ է արգելվում, ասացին՝ պետք է քննությանը չխանգարենք, ասացի՝ մեր տեսակցությունը խոչընդոտո՞ւմ է քննությանը, ասաց՝ այո։ Բայց ես կարծում եմ՝ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ասաց տիկին Նանորը։

Նանոր Սեֆիլյանը երեկ է Քննչական կոմիտե այցելել՝ խնդրելու, որպեսզի վերադարձնեն իրենց տնից առգրավված համակարգիչները։ Իրավապահները առգրավվել են նաև մի շարք կենցաղային իրեր, Սեֆիլյանը մինչ այս պահը չի կարողանում հասկանալ, թե որ իրի կամ խոսքի հիման վրա է իր ամուսնուն մեղադրանք առաջադրվել։ Վստահ է՝ ամուսինը զանգվածային անկարգություններ չէր կազմակերպում։

«Հարցնում էին՝ լավ, ի՞նչ եք անելու, անընդհատ ասում էր, որ շատ խաղաղ է լինելու, մենք ոչ մեկի դեմ ոչ մի բան չենք ուզում անել, ընդհակառակը՝ մենք ուզում ենք մեր վրդովմունքը հայտնել և սկսել ասել, որ այս ռեժիմի վերջը պետք է գա մի օր։ Այդքան բան»,- ասաց Սեֆիլյանի կինը։

Տիկին Նանորը ասաց, որ արդեն սովոր է այս իրավիճակին, մի քանի տարի առաջ էլ ամուսինը նմանատիպ մեղադրանքով 1.5 տարի բանտում անցկացրեց, ապա արդարացվեց Եվրոպական դատարանում։ Սեֆիլյանը ասում է, որ եթե անհրաժեշտ լինի, այս անգամ գործը էլ կհասցնեն Եվրոպական դատարան, բայց կարծում է, որ բանը դրան չի հասնի։

«Մտածում եմ, որ կապում են ապրիլի 24-ի հետ, և երկու ամսից ամեն ինչը ավարտվում է, ինձ թվում է՝ բաց կթողնեն, որովհետև իսկապես հիմք չկա»։

Նանոր Սեֆիլյանի խոսքով՝ իր ամուսինը իրադարձությունների զարգացման նման սցենար կանխատեսում էր, բայց սպասում էր նաև, որ այդ դեպքում ժողովրդական ցասում կլինի։

XS
SM
MD
LG