Մատչելիության հղումներ

Քաղաքացիները ի պաշտպանություն ՀԽ-ի ի ցույց են դնում իրենց տնային «զինանոցը»


Քաղաքացիները ի պաշտպանություն ՀԽ-ի ի ցույց են դնում իրենց տնային «զինանոցը»
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը թուրը պատյանից հանել է, հեղափոխությանն է սպասում։ Նա իր տանը եղած ամենավտանգավոր զենքերից է համարում թրի տեսք ունեցող կոնյակի շիշը, ասում է՝ պակաս զենք չէ նաև հատակի փայտը։

«Հեղափոխություն եմ անելու»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Փոստանջյանի պես մի խումբ քաղաքացիներ էլ պարզել են, որ զանգվածային անկարգությունների համար անհրաժեշտ ամեն ինչ ունեն, մնում է օրը որոշեն։

«Կրակայրիչ՝ հրկիզումներով զուգորդվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, տեսակ-տեսակ չագուչներ, ուրագ՝ առավել դաժան գործողությունների համար, դանակներ, ընդ որում դանակների չափսը այնպիսին է, որ կարելի է մարդու մի կողմից մտցնել, մյուս կողմից դուրս կգա, շվեյցարական դանակ, որի վրա նաև մկրատ կա»,- իր զինանոցը թվարկեց ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը։

Կենցաղային օգտագործման իրերը ակտիվիսնտեր Դանիել Իոաննիսյանը և Զարուհի Հովհաննիսյանը նորովի են բացահայտել, երբ դիտել են Քննչական կոմիտեի տեսանյութը, որտեղ «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ անդամներին, այդ թվում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրելու համար որպես հիմք էին ներկայացվել առգրավված մի շարք իրեր, այդ թվում՝ ապակե շիշ, ծխախոտի, սոդայի տուփ, դանակ և «ՏՈԼԻԿ» գրությամբ ատրճանակի պատյան։

Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ իր զինանոցը ավելի հարուստ է, պարզապես դեռ չի հասկանում, թե ինչպես է լապտերիկով զանգվածային անկարգություններ կազմակերպելու։

Երեք երեխաների մայր Զարուհի Հովհաննիսյանի դուստրը դաշնամուր է նվագում, թերևս չի էլ կասկածում, որ այդ պահին հարևան սենյակում մայրը բացատրում է, թե ինչպես է հնարավոր իրավապահների առգրաված սոդայով պայթուցիկ պատրաստել։

«Մասսայական ոչնչացման պայթուցիկ չունեմ, չնայած սոդան կարող է օգտագործվել... եթե էսքան զինված եմ, երևի վտանգավոր եմ»,- հեգնում է նա։

Մասնագիտությամբ իրավաբան Փոստանջյանը վստահ է, որ Սեֆիլյանին և նրա աջակիցներին առաջադրված մեղադրանքները անհիմն են, նրանց պարզապես ճնշում են, պատգամավորը վստահ է, որ որպես կալանավորման հիմք ներկայացված իրերով հնարավոր չէր զանգվածային անկարգություններ կազմակերպել։

«Եթե գիտեիք, ապա ինչո՞ւ էիք արտոնում ամսի 24-ին Էրեբունի համայնքում հավաքը, երբ կազմակերպիչները հայտարարել են, որ չեն գնալու որևիցե բռնության»,- ասում է Փոստանջյանը։

Դանիել Իոաննիսյանը և Զարուհի Հովհաննիսյանը շարունակում են ներկայացնել իրենց զինանոցը, ամեն վայրկյան սպասում են, որ իրենց էլ կարող են ձերբակալել։

«Ցանկացած մարդու տանը նման իրեր կան, ես էլ, քանի որ «Հիմնադիր խորհրդարանից» չեմ, դժվար իմ ետևից գան, բայց տրամաբանությամբ, եթե սա ոչ թե քաղաքական հետապնդում է «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ, այլ իրոք Քննչական կոմիտեն համարում է, որ անձը, ով տանը նման իրեր ունի, նախապատրաստում է զանգվածային անկարգություններ, ուրեմն պետք է մի քանի միլիոն մարդու ձերբակալի»,- ասում է Իոաննիսյանը։

Արդեն մի քանի օր է բազմաթիվ քաղաքացիներ սոցցացերում ֆլեշմոբ են անցկացնում, Քննչական կոմիտեի ներկայացրած իրերի օրինակով իրենց տանն են խուզարկություն իրականացնում և ասում, թե ինչեր կարող էին առգրավվել իրավապահ մարմինները իրենց տնից, եթե իրենց էլ խուզարկեին։

Մասնակիցների մեծ մասը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ չէ, շատերն էլ չեն կիսում այս կառույցի տեսակետները, բայց նման հիմնավորմամբ ընդդիմադիրներին կալանավորելը ծիծաղելի են համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG