«Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը անցած գիշեր ժամը 3-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 500 հազար դրամ (մոտ 1050 դոլար) գրավը։
Հակոբյանի տան խուզարկության արդյունքում նռնակ էր հայտնաբերվել, նրան ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք է առաջադրվել:
Գրավի դիմաց ազատ արձակելու՝ քննչական մարմնի որոշումը Արամ Հակոբյանի անսպասելի էր՝ չգիտի, թե ինչու իրեն ազատ արձակեցին, իսկ Ժիրայր Սեֆիլյանին ու չորս համախոհներին երկու ամսով կալանավորեցին: «Չգիտեմ ինչու: Երևի թե իրենք մտածել են, որ էս հոդվածը, որը ներկայացված է ինձ, շատ է անհեթեթ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի գրասենյակի պատասխանատուն:
Հակոբյանը մտացածին է համարում թե՛ իրեն առաջադրված մեղադրանքը, թե՛ ընկերներին մեղսագրվող՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու փորձը, պնդելով, որ իշխանությունների իրական նպատակն է ձախողել իրենց քաղաքական պայքարը։
Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ Արցախյան պատերազմին մասնակցած Արամ Հակոբյանը հակադարձում է պաշտոնական տեսակետին՝ պնդելով, որ նռնակը գտել են ոչ թե իր, այլ հորեղբոր տան կտուրից․ Գյումրիում գտնվող տունը երկու առանձին մուտք ունի՝ մեկում իր ընտանիքն է բնակվում, մյուսում, որը հորեղբոր ընտանիքինն է, վաղուց ապրող չկա՝ նռնակը գտել են այդ տան տանիքից։
«Սեփական տուն է, ընդհանուր տանիք, բայց էնտեղ որ ուշադիր նայես՝ երևում է, որ երկու առանձին տներ են, որտեղ մեր տանիքի և հորեղբորս տան տանիքի մեջ ահագին մակերեսային տարբերություններ կան, այն ավելի բարձր է․․․ Հետո էդ հետնամասում մի տեղ, էնտեղ որտեղ ընդհանրապես մեկը ոտք չի դնում, էդտեղ ինչ-որ նռնակ հայտնաբերեցին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հակոբյանը՝ շարունակելով․ - «Մեղադրական եզրակացության մեջ գրած է, որ «գտել ենք՝ ուրեմն դա քոնն է»: Որևէ հանգամանք, որևէ փաստ, որևէ ապացույց․․․ և հանկարծ ինչի՞ց ենթադրելով: Ո՛չ որևէ մատնահետք կա, որևէ խնդիր կա, ո՛չ փորձաքննական եզրակացության արդյունքները կան: Պարզ ձևով սպիտակի վրա գրած է՝ «դա քոնն է»․ ինչու է իմը, ինչ ապացույցներ կան, է՝ «դու Ղարաբաղում կռված ես»:
Նրա կասկածները, որ նռնակը հենց իշխանությունների ձեռքով է հայտնվել տանիքին, ավելի են խորացել, երբ տեսել է՝ ինչ են գտել և ինչպես են գտածը արձանագրել․ - «Գցած կլիներ կամ ուղղակի ներկայացված կլիներ, որ «խնդրեմ, նռնակ ենք գտել էստեղ», որովհետև փոշու մեջ կորած տանիքում, որտեղ մարդու ոտք չի մտել քսանամյակներ, տասնամյակներ շարունակ, և էդքան մաքրամաքուր նռնակ, էդքան հրաշալի ինչ-որ փաթեթավորված, ինչ-որ կոսմետիչկայի մեջ․․․ անհասկանալի բան է»: «Նույնիսկ ընթերականերից մեկը, որը մեր տանն էր խուզարկության ժամանակ, ի՛նքը հայտարարեց, որ ինքը չի էլ նկատել և չի էլ զգացել՝ որտեղից են գտել, ինչպես են գտել էդ նռնակը», - շարունակեց նա:
Նռնակից բացի՝ Հակոբյանի տնից հայտնաբերել են նաև փայտե իրեր: Ո՞վ իր խորդանոցում նման բաներ չունի, հարցնում է իշխանափոխություն պահանջող գյումրեցին: «Սա ի՞նչ է»: Ասում եմ՝ «փայտ է, ո՞ւմ տանը չկա էս տիպի փայտեր, մեր տանիքում ավելի երկարները կան՝ մեկուկես մետրանոց, երկու մետրանոց, փայտեր են, փայտ է, վերջապես»: - «Չէ, սա տես ինչ հղկված, հատուկ նպատակով»․․․ Ասում եմ՝ «ի՞նչ եմ անելու ես սրանով, սրանով մի՞թե ես զանգվածային անկարգություն եմ անելու», - պատմեց նա:
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը ևս համոզված է՝ նռնակը տանիքում է հայտնվել իշխանությունների ձեռքով, որ կարողանան վախի մթնոլորտում պահել ոչ միայն Երևանի, այլև Գյումրիի ակտիվ քաղաքացիներին: «Եվ որպեսզի հասարակությանը ցույց տան, որ՝ «այ տեսեք, մենք լոյալ ենք», այսինքն՝ «տես, էս մարդու վրա չկա էդ մեղադրանքը՝ զանգվածային անկարգության կոչ անելու, մենք բաց ենք թողնում», այսինքն՝ իրենք այստեղ ուզում են հոգեբանորեն փոքրիկ խժդժություն մտցնեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սարուխանյանը:
Չնայած իշխանությունների հարուցած խոչընդոտներին՝ նրանց չի հաջողվի գլխատել շարժումը, համոզված է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամը: «Իրենք է՛լ ավելի կհիասթափվեն ապրիլի 24-ից հետո, իրենք հեռանալու են», - հայտարարեց Սարուխանյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում հանդիպել է, իր բնորոշմամբ՝ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին ու նրա համախոհներին, ինչպես նաև Շանթ Հարությունյանին և ընկերներին:
«Պավել Մանուկյանին խնդրեցի, հորդորեցի դադարեցնել հացադուլը: Մանուկյանը խոստացավ մտածել այդ մասին», - փոխանցել է Փաշինյանը: