«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500 հազար ՀՀ դրամի չափով, հայտնում է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը։
«Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։ Սա նշանակում է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է»,- ասված է շարժման հաղորդագրությունում։
Արամ Հակոբյանը «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիի գրասենյակի համակարգողն է։ Նրա տանը խուզարկության ժամանակ փաթեթավորված նռնակ էր հայտնաբերվել, որից հետո Հակոբյանին տեղափոխել էին Երևան և մեղադրանք առաջադրել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։ Հակոբյանի համախոհները հայտարարում են, որ նռնակը հայտնաբերվել է ոչ թե նրա, այլ նրա հարևանի տան կտուրում։
ՀԽ-ի ձերբակալված մյուս անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը երկամսյա կալանքն է։