Կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ մայիսի 17-ին կայանալիք հանրաքվեում համայնքների խոշորացման ծրագիրը աջակցություն ստանա տեղացիների կողմից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այդպիսի հանձնարարություն է տվել համայնքապետերին ու կառավարության անդամներին, այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ըստ Սահմանադրության՝ տեղական հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն որոշում ընդունելու համար։45 միլիոն դրամ արժողությամբ տեղական հանրաքվեն պարզապես խորհրդատվական նշանակություն կունենա։
«Ունենք քաղաքական դիրքորոշում, մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի հանրաքվեի արդյունքներով կարողանանք զգալ բնակչության տրամադրվածությունը այս խնդրի նկատմամբ։ Տեսնենք՝ ինչ արդյունքներ կունենանք, ըստ դրա էլ կկողմնորոշվենք։ Այսօրվա մեր քաղաքական դիրքորոշումը, համենայնդեպս, երկրի նախագահի կողմից հնչեցված, դա է, որ մենք պիտի փորձենք հանրաքվեով ապահովել դրական արդյունք։ Դրա համար ամեն ինչ պիտի անենք»,- ասաց փոխնախարարը։
Վաչե Տերտերյանն ասաց, որ արդեն այցելում են գյուղեր, բացատրում ու համոզում, որ համայնքների խոշորացումը հնարավորություն կտա կուտակված խնդիրները լուծել։ Խոստացել են՝ համայնքներում, որոնք կկորցնեն գյուղի կարգավիճակն ու կմիանան ավելի խոշորներին, գյուղապետի հաստիքը կմնա՝ որպես գյուղի ներկայացուցիչ։ Իսկ գյուղապետարանների, ըստ փոխնախարարի, ուռճացված աշխատակազմը կկրճատվի՝ հանուն գյուղի ու գյուղացիների։
«Երեք ոչ մի բան չանող հաստիքի փոխարեն մենք առաջարկում ենք այդ գումարները ուղղել ինչ-որ մի հաստիքի, որը գյուղում օգտակարություն կունենա, օրինակ, մանկապարտեզի մի լրացուցիչ խումբ, կուղղվի լուսավորությանը, ջրամատակարարմանը։ Վեց հաշվապահի փոխարեն կունենանք մի հողաշինարար, վեց հաշվապահի փոխարեն կունենանք մի ճարտարապետ կամ քաղաքաշինարար, որը հատակագծեր կանի։ Վեց գյուղի հատակագիծ անելու փոխարեն, որը չենք կարող անել, կունենանք մեկ հատակագիծ»,- նշեց պաշտոնյան։
Փոխնախարարը նշում է, որ պետբյուջեից առանձնացվող դոտացիաները սրանով չեն պակասի, կփոխանցվեն արդեն խոշորացած համայնքներին։ Կառավարության այդ նախագծով Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի 22 համայնքներից 3-ը կմեծանան տարածքով ու բնակչության թվով։ Մյուս 19 գյուղերը կմիավորվեն՝ կորցնելով համայնքի կարգավիճակը։ Ու որքան էլ կառավարությունը խոսում է ակնկալվող օգուտներից, միավորվող համայնքների բնակիչները հիմնականում դեմ են խոշորացմանը։
«Ինձ թվում ա՝ էդ գյուղերը ավելի վատ են լինելու», «Օգուտ չենք անի, բացի վնասից», «Ինչքան ուժ ունենք, պայքարելու ենք», - ասում էին գյուղացիները։
Գյուղապետերը, սակայն, նախկինի համեմատ, այսօր ավելի զգուշավոր են խոսում։ Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանն ասում է, որ նախարարն ու մարզպետն արդեն եղել են իրենց գյուղում, խոստացել են` խոշորացումից հետո ճանապարհները կնորոգվեն, մանկապարտեզ կբացվի, անգամ նոր աշխատատեղեր կլինեն։
«Ես նախարարի ասածը, հավատում եմ, որ կլինի։ Պիլոտային փուլում հավատում եմ՝ ինչ-որ ասում են՝ կլինի»,- ասաց Գերսիմյանը։
Վաչե Տերտերյանն ասում է, թե նոր աշխատատեղերը օտարերկրյա ներդրումների հաշվին են լինելու։ Ինչո՞ւ մինչև այսօր այդ ներդրումները չեն եղել և ինչո՞ւ են գյուղերն էլի քանդված ու չլուսավորված ճանապարհներով հարցին` փոխնախարարը պատասխանեց.- «Գյուղապետերին պիտի հարցնեք։ Չեն միավորվում, ուժերը չեն մոբիլիզացնում»։
Հայաստանի երեք մարզերում նախատեսված այս ծրագիրը դեռ փորձնական է։ Եթե հաջողվի, կառավարությունը մտադիր է շարունակել խոշորացումը։ Ավելին, իշխող Հանրապետականի ներկայացուցիչները չեն բացառում, որ քննարկման դրվի նաև մարզերի միավորման հարցը: Համենայնդեպս, նախորդ շաբաթ այդ մասին ասել էր Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պնդելով, թե «Հայաստանի նման փոքր երկրի համար մարզերի քանակը բավականին շատ է»:
Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանն ասում է, որ գյուղում դեռ անորոշության մեջ են։ Առայժմ միայն խոստումներ են լսում.- «Հա, ծրագրեր են առաջարկվում։ Եթե արվի, շատ լավ կլինի, բայց եթե էդ գործերը չարվեն, ավելի վատ վիճակ կլինի, համայնքը ընդհանրապես կքանդվի»։