Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում մայիսի 17-ին աննախադեպ հանրաքվե կանցկացվի՝ յուրաքանչյուր մարզում 7-8 գյուղ միավորելու հարցով։
Կառավարությունն այսօրվա նիստում պահուստային ֆոնդից մոտ 45 միլիոն դրամ նախատեսեց այդ քվեարկություններն անցկացնելու համար։ Ընդ որում մինչև հանրաքվեն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդեց.- «Սա այն բարեփոխումն է, որ մենք իրականացնելու ենք, գնալու ենք համայնքների խոշորացման, կատարում ենք երեք փունջ համայնքների խոշորացում, որտեղ որևէ դժգոհություն, վիճելի հարցեր չկան»։
Մինչդեռ համայնքի կարգավիճակը կորցնող գյուղերի ներկայացուցիչներն «Ազատության» հետ զրույցում ասում էին, թե դեմ են միավորմանը։ Շամուտի գյուղապետ Վաչիկ Վանյանը կանխատեսում է՝ առանց այն էլ սոցիալական խնդիրներ ունեցող բնակավայրերում աշխատատեղերը կպակասեն, խնդիրները՝ կավելանան։
«Մարդկանց աշխատանքը ավելի է ծանրաբեռնվելու։ Ես եթե մի բառ խոսեմ, ասեմ դա վատ է, մարդիկ կարող է մտածեն, որ ես պեչատին եմ կպած, զուտ ուզում եմ մի հարյուր տարի գյուղապետ լինեմ, դրա համար եմ ասում, բայց չէ»,- ասաց Վանյանը։
Անահիտ Մոսինյանը Քարիջի գյուղապետարանում է աշխատում։Երեք անչափահաս երեխա է պահում։ Սրտնեղած է. համայնքների միավորումից հետո հացի խնդիր կունենա.- «Ինձ թվում է, որ խոշորացնեն, միացնեն իրար, ինձ թվում է՝ գյուղերում ավելի վատ է լինելու»։
Քարինջեցիները շփոթված են։ Անտառի մեջ ծվարած իրենց գյուղին՝ գյուղապետով ու գյուղապետարանով, սովոր են։ Կուտակված խնդիրները ժամանակ առ ժամանակ բարձրացնում են, մի օր լուծում տեսնելու խոստումներ ստանում։ Գյուղի առանց այն էլ քարուքանդ ճամփեքով դժվար կլինի կենտրոն՝ Թումանյան քաղաք հասնել՝ գոնե ղեկավար տեսնելու համար։
«Հիմա որ մեր գյուղապետարանը գնա-հասնի Ձաղիձոր, ինչ-որ հարցով ուզում եմ, դիմեմ, հե՞շտ է Ձաղիձոր հասնելը, ոչ ավտոբուս կա, մարդիկ ունևոր չեն, որ տաքսի զանգեն, գա իրենց տանի-բերի, հարմար չի»։
Թումանյանի քաղաքապետը խոստանում է՝ եթե իրենց միանան, որևէ մեկի հարցը չի անտեսելու տնտեսած գումարների հաշվին: Անգամ կաթի ու հատապտուղների վերամշակման արտադրամասի մասին է խոսում։ Բայց փոքր համայնքների բնակիչները սրան էլ պատասխան ունեն։ Մի քանի միլիոն տնտեսած գումարներով տասնամյակների կուտակված խնդիր չես լուծի։
«Էս ճամփեն սարքելու են էդ փողերով»,- հարցնում է գյուղացիներից մեկը։
Մի քիչ հեռու՝ Տավուշի մարզի Թեղուտ գյուղը նախատեսում են միացնել Դիլիջան քաղաքին։ Թեղուտի բնակիչներն ասում են, որ մինչև վերջ պայքարելու են իրենց ինքնավարության համար։ Սեփական կարիքները հարևանին վստահել չեն ուզում, բայց նաև վստահ են՝ անկախ իրենց կամքից՝ հարցը վերևներում լուծելու են։
«Դու կուզե՞ս ուրիշը քեզ ղեկավարի հեռվից, քո համագյուղացին քո կարիքը ավելի լավ կհոգա՞, թե չուժոյ մի դիլիջանցի»,- ասում էր թեղուտցիներից մեկը։
Այսպիսի կարծիք «Ազատության» հետ հեռախոսազրույցում նաև Խաչարձանի գյուղապետը հայտնեց.- «Մենք լսել ենք, որ էդ հանրաքվեն ձևական է, այսինքն ժողովրդի կարծիքը կարող է հաշվի չառնեն։ Եթե կառավարությունը որոշել է, ուրեմն պիտի անի»։