Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է միավորել մի շարք համայնքներ


Լոռու, Սյունիքի և Տավուշի մի շարք գյուղեր հնարավոր է, որ մոտ երկու ամսից միավորվեն։ Այսօր կառավարության նիստում քննարկվելու է գյուղերում այս առիթով հանրաքվե անցկացնելու հարցը, որն էլ պիտի պարզի, թե արդյո՞ք բնակիչները կողմ են համայնքների խոշորացմանը:

Կառավարությունը մտադիր է Լոռու մարզի Թումանյան համայնքին միացնել ևս վեց գյուղ։ Նման մի միավորում էլ նախատեսվում է Սյունիքի մարզում։ Իսկ Տավուշում Դիլիջան համայնքի մեջ են ներառվելու Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք գյուղերը։

Աղավնավանքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ գյուղում այս թեմայով մի քանի անգամ քննարկումներ կազմակերպվել են, սակայն իրենք դեռ հստակ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում։

«Գյուղապետարաններ, փաստորեն, չեն լինելու: Ըստ ներկայացվածի՝ լինելու է մի մեծ համայնք՝ Դիլիջան համայնքը: Կենտրոնացվելու է Դիլիջանում, ու որպես ներկայացուցիչներ ամեն համայնք կունենա իր ներկայացուցիչը։ Կոնկրետ հստակ մոդել չունենք առայժմ», - նշեց Գրիգորյանը:

Շամուտի գյուղապետ Վաչիկ Վանյանի կարծիքով, գյուղում անհրաժեշտ է մի կառույց, որը մարդկանց կհամախմբի։

«Ամեն ինչը տեղում են անում, մի հասարակ թղթի համար այստեղ-այնտեղ չեն վազում, բայց այդ ժամանակ այդպես չի լինելու։ Մարդկանց աշխատանքը ավելի է ծանրաբեռնվելու։ Եթե մի բան խոսեմ, ասեմ դա վատ է, մարդիկ կարող է մտածեն, որ ես կնիքից կպած՝ զուտ ուզում եմ մի հարյուր տարի գյուղապետություն անեմ, դրա համար եմ ասում», - մեզ հետ զրույցում նշեց Վանյանը:

Համայնքներում հանրաքվեներն անցկացվելու են մայիսի 17-ին։ Դրական պատասխանի դեպքում 19 գյուղեր կկորցնեն առանձին համայնքի իրենց կարգավիճակը։

Խաչարձան գյուղի գյուղապետ Գագիկ Շահնազարյանի կարծիքով, նախքան հանրաքվեն անցկացնելն էլ ամեն ինչ որոշված է։

«Մենք լսել ենք, որ այդ հանրաքվեն ձևական է։ Այսինքն՝ ժողովրդի կարծիքը կարող է և հաշվի չառնեն», - ասաց Շահնազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG