Մատչելիության հղումներ

Զգուշավոր լավատեսություն Իրանի շուրջ բանակցություններում


Զգուշավոր լավատեսություն Իրանի շուրջ բանակցություններում
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող հինգ պետությունների, Գերմանիայի և Իրանի բարձրաստիճան դիվանագետները Լոզանում գտնվող Beau-Rivage Palace հյուրանոցը լքեցին վաղ առավոտյան:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում էին ողջ գիշեր, չնայած այն իրողությանը, որ կեսգիշերին արդեն շրջանակային համաձայնագրի կնքման համար սահմանված վերջնաժամկետը սպառվել էր: Այն, որ բանակցությունների ժամկետը կարող է երկարաձգվել, առաջիններից մեկը հայտարարեց միջուկային խնդիրներով Իրանի գլխավոր բանագնաց Համիդ Բաիդինեժադը:

«Մեր այդ ջանքերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել վերջնական համաձայնության: Որևէ արհեստական վերջնաժամկետ մենք չունենք»,- հայտարարեց իրանցի դիվանագետը:

Բանակցությունների գիշերային փուլի ավարտին վերջին շրջանի թերևս ամենալավատեսական հայտարարություններից մեկով հանդես եկավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Արդեն իսկ կարելի է բավական վստահորեն պնդել, որ այս խնդրի բոլոր առանցքային դրվագների վերջնական լուծման շուրջ նախարարների մակարդակով ձեռք են բերվել սկզբունքային համաձայնություններ: Առաջիկա ժամերին կամ մեկ օրվա ընթացքում, հուսով եմ, այդ համաձայնությունները փաստաթղթային տեսք կստանան»,- վաղ առավոտյան Լոզանից Մոսկվա վերադառնալուց առաջ հայտարարեց Լավրովը:

Այս հայտարարության հրապարակումից քիչ անց, սակայն, ամերիկյան պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրները լրագրողներին փոխանցեցին՝ այնքան էլ ճիշտ չէ ասել, թե բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բայց և այնպես «առաջընթացը բավականին շոշափելի է, որպեսզի կողմեր շարունակեն բանակցությունները»:

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին էլ այսօր կեսօրին երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարեց, թե կողմերը վերջնական համաձայնության կարող են հանգել արդեն այսօր երեկոյան:

Բավական լավատեսորեն է տրամադրված նաև Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդը: BBC-ի հետ զրույցում Միացյալ Թագավորության արտգործնախարարը նշել է.- «Վերջին երկու օրերի ընթացքում մենք բավական զգալի առաջընթաց ենք արձանագրել: Սակայն այս պրոցեսը բավական դանդաղ է առաջ գնում: Մենք որոշեցինք ընդհատել բանակցությունները, քանի որ պատվիրակությունների զգալի մասը աշխատել էր ողջ գիշեր: Մեր ցանկությունն էր, որպեսզի մարդիկ թարմ ուղեղով սկսեն զբաղվել վերջին չլուծված խնդիրների հանգուցալուծմամբ»։

Չլուծված հարցերից առանցքայինն, իհարկե, Իրանի միջուկային ողջ ծրագրի ճակատագիրն է: BBC-ի տեղեկություններով՝ միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի Իրանը բոլոր տեսակի միջուկային հետազոտությունները ամբողջությամբ սառեցնի 10 տարով, իսկ այդ ժամկետից հետո դրանք իրականացնի զգալի սահմանափակումներով: Իրանը համաձայն է միայն սառեցման 10-ամյա ժամկետի հետ՝ պնդելով, որ այն լրանալուց հետո պետք է միջուկային ծրագրի զարգացման անսահմանափակ հնարավորություններ ունենա:

Բացի այդ Թեհրանը չի ցանկանում ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգերի կառուցումից: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն էլ ցանկանում են, որ որպեսզի համաձայնության մաս դառնա նաև դիվանագիտական այն մեխանիզմը, որ հնարավորություն կտա միջազգային հանրությանը արագորեն ուժի մեջ մտցնել արդեն իսկ վերացված պատժամիջոցները, եթե Իրանը հանկարծ խախտի համաձայնագրի դրույթներից որևէ մեկը:

XS
SM
MD
LG