Մատչելիության հղումներ

Իրանի և վեց տերությունների բանակցությունները մտել են վճռական փուլ


Իրանի և վեց տերությունների բանակցությունները մտել են վճռական փուլ
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Հաջողության դեպքում Արևմուտքը կհրաժարվի պատժամիջոցներից։

Իրանի Իսլամական հանրապետության և վեց տերությունների՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետները Լոզանում քննարկում են Իրանի միջուկային ծրագիրը։

Հաջողության արդյունքում Իրանի և Արևմուտքի 12 տարի տևող վեճը կավարտվի, ինչը թույլ կտա այս մինչև տարվա հունիսի 30-ը կնքել քաղաքական համաձայնագիր։

Արևմուտքը ենթադրում է, որ Իրանը միջուկային հետազոտությունների ընթացքում կարող է ատոմային ռումբ ստեղծել։ Իսրայելը համոզված է, որ միջուկային ծրագրի բուն նպատակը հենց ռումբն է։ Մինչդեռ, Իրանը հավաստիացնում է, որ ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում։

Եթե համաձայնություն կայացվի, ապա Արևմուտքը կսկսի աստիճանաբար չեղյալ հայտարարել տնտեսական պատժամիջոցները, որոնք այս տարիների ընթացքում չափազանց ծանր հարված են հասցրել նավթով և գազով գերհարուստ Իրանին։

Վեցյակի հետ բանակցություններում Իրանը ներկայացնում է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ վերադարձել է Մոսկվա, սակայն տեղեկացրել է, որ այսօր նորից կմեկնի Լոզան։ Նրա խոսքերով, բանակցությունները ընթացքը դրական է, համաձայնության հասնելու հնարավորությունը վատ չէ, նույնիսկ լավն է։

«Այդ հնարավորությունները միանգամայն իրագործելի են, եթե, իհարկե, բանակցող կողմերից մեկը չփորձի շահերի հաշվեկշիռը պահպանելու փոխարեն` վերջին պահին բարձրացնել տոկոսադրույքը, հուսալով ինչ-ինչ լրացուցիչ բաներ կորզել»,- ասել է Լավրովը։

Վերլուծաբանների կարծիքով, այս բանակցությունները կարող են շարունակվել մինչև կեսգիշեր և ավարտվել վաղը` ապրիլի 1-ին։ Արևմուտքը ներկայացնող դիվանագետներն էլ հավատում են, որ Լոզանում կհաջողվի համաձայնություն կայացնել, սակայն չափից շատ լավատեսական մեկնաբանություններ չեն անում։

«Մենք պատրաստ ենք թե դրական, և թե բացասական տարբերակների»,- ասել է մի անանուն դիվանագետ։

Բարդություններից մեկն այն է, որ Իրանը հրաժարվում է էլ ավելի սահմանափակել ուրանի հարստացման ծրագիրը, Արևմուտքի փորձագետները չեն բացառում, որ իրանական կողմը դրա շնորհիվ կստեղծի ռումբի համար պիտանի ուրանի անհրաժեշտ քանակություն։

Երկրորդ բարդությունն էլ գործող պատժամիջոցների վերանայման ժամանակացույցն է։ «Ոչ մի համաձայնություն չի լինի, եթե պատժամիջոցները չվերացնեն»,- ասել է իրանցի բանագնաց Մաջիդ Թախտերավանչին «Ֆարս» իրանական լրատվական գործակալությանը։

Իրանը պահանջում է հետազոտությունները շարունակելու և դրանց ընթացքում արդիական ցենտրիֆուգներ կիրառելու տասը տարվա անարգել իրավունք։

Հենց ցենտրիֆուգի միջոցով են ուրան պարունակող գազային խառնուրդից զտում ռումբի համար անհրաժեշտ մաքրության ուրանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG