Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ դանակահարության մեջ կասկածվող Սեդրակ Օսիպյանի հանդեպ սահմանված խափանման միջոցը փոխվել է։
Արդեն 9 ամիս հետախուզման մեջ գտնվող երիտասարդը կարող է այլևս չթաքնվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին տեղեկացանք երիտասարդի փաստաբան Կրոմվել Գրիգորյանից, ով հայտնեց, որ դանակահարության գործով դատախազին միջնորդություն է ներկայացրել նշելով, որ երբ խափանման միջոցը փոխվի, իր պաշտպանյալը կներկայանա ոստիկանություն ու իր ցուցմունքներով կօգնի գործի քննությանը։
«Պատրաստ է ներկայանալ և իր անմիջական մասնակցությամբ պարզելու օբյեկտիվ ճշմարտությունը, որ ինքը դանակահարության հետ կապ չունի», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբանը։
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը լրիվ նորմալ պրակտիկա է համարում այն, որ հետախուզման մեջ գտնվող կասկածյալը փաստաբանի միջոցով խոստանում է ներկայանալ և այդ խոստման հիման վրա նրա խափանման միջոցը փոխվում է։ Այլ փաստաբանների համար, սակայն, տեղի ունեցածը բացառիկ դեպք է։
«Չի կարելի ասել, որ նորմալ պրակտիկա է, որ անձը գրում է՝ ես կարող եմ գալ, ներկայանալ և խափանման միջոցը վերացնում են։ Սա ոչ իրավական ոլորտից է, ոչ պրակտիկայում է սա նորմալ», - ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը։ Նա ավելացնում է, որ այնուամենայնիվ, եթե խոսքը Օսիպյանի եղբորորդու մասին է, ապա անակնկալի չի եկել։
«Ուրեմն 9 ամիս շարունակ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը գտնվում է հետախուզման մեջ և ոստիկանությունը չի կարողանում նրան հայտնաբերել։ Պատկերացնում ենք և դա նորմա՞լ ենք համարում։ Այսինքն՝ դա արդեն աննորմալ երևույթ է», - մեկնաբանում է փաստաբանը։
Նուբարաշենում անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած դանակահարության գործով հիմնական կասկածյալ Օսիպյանի հանդեպ եզակի ու առանձնահատուկ վերաբերմունք է նկատվում, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ավելացնելով, որ գործ ունենք ապօրինության հետ։
«Ինչ տեսակի աճպարարություններ, հնարքներ ասես, որ չկիրառեց ոստիկանությունը, որպեսզի խուսափեն պատասխանատվության ենթարկել բարձրաստիճան պաշտոնյայի մերձավոր բարեկամին։ Մի բան է նրանց խանգարում, որ հանրային մեծ աղմուկ է բարձրացել», - ասում է իրավապաշտպանը. - «Իրավիճակը սա է, որ այս մարդիկ երբեք չեն պատժվում, բայց պարզ է, որ շատ լավ գիտեն՝ նա որտեղ է, ինչով է զբաղվում, երբ գա։ Իրենք են այստեղից դիրիժորություն անում, թե՝ նա կհանձնվի, չի հանձնվի, ինչ հնարքներ կիրառեն և այլն»։
Դատական պրակտիկայից փաստաբան Լուսինե Սահակյանը հակառակ նախադեպեր է հիշում, երբ հետախուզման մեջ գտնվող անձը ինքնակամ ներկայանում է, ինչից հետո փոխվում է ոչ թե նրա խափանման միջոցը, այլ ավելին՝ երկարացվում է կալանքի ժամկետը՝ քննությունից խուսափելու հիմքով։
«Սա ես համարում եմ շատ բացասական այն իմաստով, որ մենք խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին», - ասում է փաստաբանը։
Ոստիկանությունից չցանկացան արձագանքել այն պնդումներին, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ազդեցություն է ունեցել գործի ընթացքի վրա՝ նշելով, որ դանակահարության գործն այլ մարմնի վարույթում է։