Մատչելիության հղումներ

Օսիպյանի եղբորորդին հայտնել է, որ պատրաստ է ներկայանալ իրավապահներին


Սեդրակ Օսիպյանը հայտարարել է, որ պատրաստ է ներկայանալ ոստիկանություն
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00

Իրավապաշտպանները կարծում են, որ փոխոստիկանապետ հորեղբայրը հովանավորում է դանակահարության մեջ կասկածվող երիտասարդին, ու հենց այդ է պատճառը, որ նա մինչև այսօր բերման չի ենթարկվել:

Նուբարաշենում մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած դանակահարության գործով հետախուզվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին փաստաբանի միջոցով հայտարարել է, թե պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին ու պարզաբանումներ տալ արյունալի միջադեպի վերաբերյալ:

Ընդ որում՝ փաստաբանը չի բացահայտում, թե ինչ ճանապարհով է երիտասարդի հետ կապ հաստատում, երբ ոստիկանությունը միջպետական հետախուզման արդյունքում մեկ ամիս է նրան չի գտնում:

«Եկեք չմանրամասնենք, հանդիպել եմ… ուրիշ, թե որտեղ եմ հանդիպել, ոնց եմ հանդիպել, թե ինչով եմ գնացել…», - թերթերից մեկին ասել է Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, ում հետ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չկարողացանք կապ հաստատել:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում բացառեց, թե փաստաբանը կարող է իմանալ իրենց կողմից հետախուզվող և այդպես էլ չհայտնաբերվող երիտասարդի գտնվելու վայրը:

Թեպետ Երևանի փոխոստիկանապետի եղբոր որդին միջպետական հետախուզման մեջ է արդեն մեկ ամիս, ոստիկանության պաշտոնական էջում հետախուզվողների ցանկում մինչ օրս նրա լուսանկարը չկա: Ընդ որում՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը միայն մեր հարցադրումից հետո պարզեց, որ Սեդրակ Օսիպյանն այս ցանկից դուրս է մնացել: Նա պնդեց, թե դա տեխնիկական սխալի արդյունք է, որը մինչև օրվա ավարտը շտկվեց:

Իրավապաշտպանները, մինչդեռ, վստահ են, որ ոստիկանությունն այս դեպքում ևս գործն առաջ է տանում վաղուց գծագրված և բազմիցս օգտագործած սցենարով. դեպքից հետո կասկածյալները նախ անհետանում են, որոշ ժամանակ անց ինքնակամ հանձնվում իրավապահ մարմիններին:

«Հիմա արդեն իրենք փորձել են շահել ժամանակ, հավանաբար ձեռք են բերել այնպիսի երաշխիքներ, որ ինքը վերջնական կազատվի այդ պատասխանատվությունից և հիմա էլ դրվում է նրա կամավոր ներկայանալու հարցը: Կարելի է ասել, որ ժողովրդի լեզվով ասած՝ Վալերի Օսիպյանը լուծել է իր հարցերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Իրավապաշտպանները կարծում են, որ փոխոստիկանապետ հորեղբայրը հովանավորում է դանակահարության մեջ կասկածվող երիտասարդին, ու հենց այդ է պատճառը, որ նա մինչև այսօր բերման չի ենթարկվել: Կիվիրյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում ոստիկանությունը հաշված րոպեների ընթացքում կարող էր նրան հայտնաբերել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանն իր հերթին փաստում է՝ հատկանշական է, որ կարգ ու կանոն պաշտպանող Օսիպյանի հետ է սա պատահել. - «Միանշանակ է, որ սա ձևական բնույթ է կրում: Գուցե հայտնվի եղբորորդին և «անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով» մի հոդվածի տակ նրան արդարացնեն և պահեն: Այն սցենարները, որ առկա են մեր իրականության մեջ, սրանք են», - ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. -«Էս դեպքում ոստիկանապետի բարոյախոսական ճառերը օրինականության, բարեպաշտության և ոստիկանության հեղինակության մասին ուղղակի զավեշտալի են, և հանրությունը իրավունք ունի բացարձակապես չվստահել ոստիկանությանը»:

Երևանի ոստիկանապետը, մինչդեռ «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե կասկածելու որևէ առիթ իրենք չեն տվել:

«Միգուցե հենց Վալերի Օսիպյանի ահից է էդ եղբորորդին փախուստի մեջ գտնվում: Գուցե Վալերի Օսիպյանը հենց եղբորորդո՞ւց է վիրավորված, որ նման արարք է գործել: Ոստիկանությունը եղել և մնում է անաչառ: Չի կարող կողմնապահության մասին խոսք անգամ գնալ: Մինչև այսօր էլ որոնողական աշխատանքները շարունակվում են», - ասաց Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարությունից օրեր անց, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Երևանի փոխոստիկանապետն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և որդու ուսերին բարդել հունիսի 1-ին տեղի ունեցած դանակահարությունը, որի հետևանքով 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել և զրկվել է փայծաղից:

XS
SM
MD
LG