Մատչելիության հղումներ

«Հայրենասիրական ապտակի» գործով նախաքննությունն ավարտվեց


«Հայրենասիրական ապտակի» գործով նախաքննությունն ավարտվեց
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Նախագահ Սարգսյանին վիրավորելու համար ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին ապտակած մարդը կարող է ազատվել ընդամենը տուգանք վճարելով, իսկ վատագույն դեպքում՝ նրան երկու ամսվա ազատազրկում է սպառնում:

Քննչական կոմիտեն ավարտել է Արամ Մանուկյանի դեմ բռնության գործի նախաքննությունը: Մինչ գործը դատարան կհասնի, արդեն հայտնի է՝ մեղքը հաստատվելու դեպքում պատգամավորին ապտակած Արշակ Սվազյանին սպառնում է առավելագույնը երկու ամսվա ազատազրկում կամ տուգանք:

Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական մարմինը դատաբժշկական կրկնակի փորձաքննությունից հետո էլ պնդում է՝ ստացած հարվածից ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորը թեթև վնասվածք է ստացել: Կասկածի տակ դնելով բժիշկների անաչառությունը և կանխորոշված որակելով հենց դեպքից հետո անցկացված փորձաքննությունը՝ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը միջնորդել էր նորից հետազոտել պատգամավորին:

Թեթև՞, թե՞ միջին ծանրության վնասվածք է ստացել Արամ Մանուկյանը՝ բժիշկները ստուգել են անցած շաբաթ, այսինքն հանցագործությունից շուրջ երեք ամիս անց, երբ պատգամավորն արդեն տևական բուժման կուրս էր անցել, ընդունել դեղեր, մի քանի օր անցկացրել հիվանդանոցում:

«Կան բոլոր բժշկական փաստաթղթերը և 90 օր հետո, երբ նորից այդ փորձաքննությունն անցկացվեց և բժիշկները որոշեցին, որ Արամ Մանուկյանի առողջական վիճակը բավարար է, դա հենց հետևանք էր այդ ինտենսիվ բուժման», - ասում է Խաչատրյանը:

Պատգամավորի ներկայացուցիչն այսօր դիմում է գրել նախաքննության գաղտնի պահված նյութերը ստանալու համար: Դրանց ծանոթանալուց հետո Արմեն Խաչատրյանը մտադիր է նոր միջնորդություններ ներկայացնել:

Թեև Արամ Մանուկյանը շենքի մուտքում միայն իրեն հարվածողին էր նկատել, իրավապաշտպանները համոզված են, որ ապտակի հեղինակը միայնակ չի գործել՝ նրան օգնել են, տեղեկություններ փոխանցել պատգամավորի շարժի մասին:

«Այն փաստը, որ այլ մարդու մեղադրանք չի առաջադրվել կամ հետախուզում չի հայտարարվել, ցույց է տալիս, որ մեր հիմնավոր կասկածը, թե ենթադրյալ հանցագործը մենակ չի գործել՝ այդ վարկածը կամ չի ստուգվել կամ ուշադրություն չի դարձվել դրան», - ասում է պատգամավորի ներկայացուցիչը:

Արշակ Սվազյանն ասել էր, որ հայրենասիրական ապտակ է տվել ընդդիմադիր գործչին հանրահավաքում Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար:

«Ցինիկ հեքիաթին չենք հավատում: Միայն այն փաստը, որ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար եմ արել, դա արդեն կենցաղային վեճ չէ: Սա, բնականաբար, քաղաքական գործչին իր գործունեության համար [պատժելու], նրա վրա ազդելու միջոց է», - ասում է Հայ ազգային կոնգրեսի իրավախորհրդատու Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորին հարվածելուց հետո Սվազյանը ոչ մի օր չի անցկացրել ճաղերի հետևում: Արմեն Խաչատրյանն ասում է՝ ակնհայտորեն արվեց ամեն ինչ, որպեսզի վնասվածքը որակվի թեթև՝ մեղմացնելու համար պատժաչափը:

«Այսինքն կարելի՞ է հարվածել ցանկացած պատգամավորի և դրա դիմաց ընդամենը գումար մուծել», - հարցնում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ ոչ, ոստիկանությունն ամբողջությամբ ծառայում է իշխանություններին, հետևաբար՝ իշխանական պատգամավորներին ապտակելն անպատիժ չի մնա: Իսկ բացահայտումների գործում, ըստ իրավապաշտպանի, ոստիկանությունը մատնված է անգործության, ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանն ուղղակի պետք է հրաժարական տա՝ «որովհետև այն իրավիճակը, որ ստեղծված է Հայաստանում ուղղակի սարսափելի է»:

«Կրիմինալների ջրի երես հայտնվելը և դրանց չզսպելը, և հենց այդ ծպտյալ խմբավորումները, որոնց մասին խոսում էր Վլադիմիր Գասպարյանը, հենց դրանք են, որ աջ ու ձախ մարդկանց բռնում են և ամեն տեղ ծեծում են: Պարզ է, որ հենց սրա համար չի բացահայտվում որևէ հանցագործութնուն», - ասում է իրավապաշտպանը: Նույնը և Արամ Մանուկյանի գործի դեպքում՝ Ժաննա Ալեքսանյանի համար ի սկզբանե պարզ էր այսպիսի ավարտը․ - «Այստեղ արժեքայինը հայրենասիրական այդ ապտակն էր՝ ՀՀԿ-ի այդ մղումները, որ եթե Սերժին որևէ մեկը բան է ասել, պիտի այդ ապտակը տան: Եվ այդ տղան խոստովանություն է տվել, երբ ասել է, որ հայրենասիրական ապտակ եմ տվել: Այսինքն՝ իջեցված պատվերը հենց հայրենասիրական ապտակն էր, ինչպե՞ս կարող էր այլևս Քննչական կոմիտեն այլ կարծիք ունենալ այստեղ»:

XS
SM
MD
LG