Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանի ներկայացուցիչը վիճարկում է փորձաքննության եզրակացությունը


Արամ Մանուկյանի ներկայացուցիչը վիճարկում է փորձաքննության եզրակացությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Արամ Մանուկյանի ներկայացուցիչը պահանջում է կրկնակի փորձաքննություն անցկացնել անցած տարեվերջին պատգամավորի դեմ կատարված բռնության գործով:

Տուժող կողմը վիճարկում է օրերս հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Արամ Մանուկյանը թեթև մարմնական վնասվածք է ստացել՝ առողջության կարճատև քայքայումով:

Հայ ազգային կոնգրեսի իրավական համակարգող Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Արամ Մանուկյանը բռնության հետևանքների դեմ պայքարում է արդեն շուրջ 2 ամիս․ - «Մինչև օրս Արամ Մանուկյանը ամբուլատոր բուժում է անցնում, և այդ բուժման նպատակը հենց այդ հանցագործությամբ առողջությանը հասցված վնասի վերականգնումն է, բուժումն է: Դա հենց միջին ծանրության վնասվածք է»:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ անվստահություն և կասկածներ ունեն ոչ միայն դատաբժշկական փորձաքննության, այլ առհասարակ նախաքննության հետ կապված․ - «Ի սկզբանե մենք արդեն ողջամիտ կասկած ենք հայտնել այն մասին, որ ենթադրյալ հանցագործը չի գործել միայնակ: Մինչև այս պահը քննիչների որևէ գործողությունից մենք տեղյակ չենք, որը կպարզեր այդ հանգամանքների մասին: Արամ Մանուկյանին մեկ անգամ հարցաքննել են, և մեկ փոքր քննչական գործողություն է կատարվել, որը ըստ էության որոշիչ էլ չէր»:

Տուժող կողմը պնդում է, որ քննությունը միտումնավոր այնպես է իրականացվում, որպեսզի արդյունքում հանցագործի համար սահմանվի հնարավորինս մեղմ պատիժ: Խաչատրյանը հիշեցրեց, որ թեթև մարմնական վնասվածքի համար սահմանված է տուգանք կամ առավելագույնը երկու ամսվա ազատազրկում:

«Ես խոստանում եմ, որ բոլոր հնարավոր գործիչքները կօգտագործվեն, որպեսզի առնվազն ցույց տանք, որ նախաքննական մարմինը հնարավորինս պարտակել է այս հանցագործությունը», - վստահեցրեց նա:

Ծեծից հետո ինքնախոստովանական ցուցմունքով ոստիկանություն ներկայացած մեղադրյալը՝ Արշակ Սվազյանը, այդպես էլ ոչ մի օր չանցկացրեց անազատության մեջ: Մամուլին տված պարզաբանման մեջ նա պնդել էր, որ հայրենասիրական ապտակ է տվել ընդդիմադիր գործչին՝ հանրահավաքում նախագահի հասցեին արած վիրավորական արտահայտության համար:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ևս համոզված է, որ ընդդիմադիր պատգամավորի վրա հարձակում իրականացնողը համարժեք պատիժ չի ստանալու․ - «Չնչին հանցագործությունների մեջ կասկածվողի դեպքում համատարած կալանք է կիրառվում: Դա հայտնի փաստ է: Եվ այդ դեպքում կալանք չկիրառելը արդեն ահազանգ է, որ որևէ լուրջ պատիժ չի լինելու»:

Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ Արամ Մանուկյանի դեմ բռնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում արդարադատությունը ընտրողաբար է գործում․ բարեկաններին և ընկերին կարելի է ամեն բան, մինչդեռ պատիժներն ու սահմանափակումները նախատեսված են ընդդիմախոսների համար․ - «Սա ուղերձն է իշխանությունների Հայաստանի ժողովրդին: Եվ հերթական անգամ նետված ձեռնոցը: Այդ ձեռնոցը կվերցնե՞ն քաղաքական ուժերը՝ որպես ընդդիմություն չվախենալով, թե՞ ձեռնոցը կմնա գետնին, ինչպես մինչև այսօր եղել է»:

Վերջին ամիսներին ևս հինգ ընդիմադիրներ էին հարձակման ենթարկվել․ «Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը, իշխանափոխություն պահանջող ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը, ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը։

Երեք ազատամարտիկների դեպքով քրեական գործ չհարուցվեց: Գևորգ Սաֆարյանի դեպքում քրեական գործ հարուցվել է, սակայն տուժողը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ զգալի արդյունքներ չկան: Եվ սա այն դեպքում, երբ բռնությունը տեղի է ունեցել մի քանի տեսախցիկների առաջ: Մինչև օրս չի բացահայտվել նաև, թե ովքեր էին անցած նոյեմբերին մեկ գիշերվա մեջ Երևանում հրկիզել ընդդիմադիրների վեց ավտոմեքենաները:

XS
SM
MD
LG