Մատչելիության հղումներ

«Նավակ Ճոճողը» հարձակման հետևում տեսնում է ոստիկանապետին


«Նավակ Ճոճողը» հարձակման հետևում տեսնում է ոստիկանապետին
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00

Սոցիալական ցանցերում որպես «Նավակ Ճոճողը» ներկայացող քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ իրավապահներն առայժմ քրեական գործ չեն հարուցել․ ոստիկանությունը դեռ հետաքննություն է անցկացնում:

Վիլեն Գաբրիելյանը կեսօրին ցուցմունք է տվել․ ակտիվիստի վրա հարձակվել էին շաբաթ երեկոյան՝ Երևանի կենտրոնում: Դիմակավորված չորս անձինք առանց որևէ բան ասելու փայտե մահակներով հարվածներ էին հասցրել, Վիլեն Գաբրիելյանը ուղեղի ցնցում է ստացել, գլխի վրա դրվել են կարեր, դեմքն ամբողջությամբ կապտած և այտուցված է: Նա չի ցանկանում նկարահանվել այդ տեսքով, փոխանցեց, որ միջադեպը կապում է իր քաղաքացիական ակտիվության և քաղաքական հայացքների հետ՝ վկայակոչելով իշխանությունների ու հատկապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին հնչեցրած իր խիստ քննադատությունը:

«Ինձ համար հիմնական պատվիրատուն Գասպարյան Վովան է ու, եթե այդ գործը բացահայտվում է, նշանակում է՝ ինքը կապ չունի, եթե չի բացահայտվում, նշանակում է հենց իր պատվերն է: Իսկ ինչո՞ւ հենց ինքը, որովհետև ոստիկանությունը մեզ մոտ իշխանությունների ձեռքի մահակ է ընդդիմախոսների դեմ, պատժիչ մեքենան է», - ասում է Գաբրիելյանը:

Ավելին, ծեծի ենթարկված ակտիվիստը հաստատեց, որ Վլադիմիր Գասպարյանին քննադատելու համար հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Արթուր Կիրակոսյան անունով մի օգտատեր, Վիլեն Գաբրիելյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով, գրել է՝ «Դու վիրավորում ես մի մարդու, ով մի ամբողջ ժողովրդի համար է աղոթում... Դու, վիրավորելով Վլադիմիր Գասպարյանին, վիրավորում ես մի ամբողջ ժողովրդի»: Նույն այդ օգտատերը նաև սպառնացել է բռնության ենթարկել «Նավակ Ճոճողին»:

«Սքրինշոթը իր գրառման՝ արված է, այդ մասին ոստիկանությանը հայտնել եմ», - մեզ հետ զրույցում ասաց ակտիվիստը:

Ծեծի հերթական այս դեպքին վերջին երկու ամսվա ընթացքում նախորդել էր բռնությունների շղթա, որոնցից առայսօր հայտնի են միայն ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածելու դեպքի մանրամասները: Մեղադրյալը, սակայն, ազատության մեջ է՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով:Նա հայտարարել է, թե պատգամավորին «հայրենասիրական ապտակ» է հասցրել Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: Չնայած Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվեց ուղեղի ցնցում, ոստիկանությունը հարվածողին մեղադրանք առաջադրեց առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով, որը նախատեսում էր տուգանք կամ առավելագույնը երկամսյա կալանք: Սրանից առաջ էլ բռնության էին ենթարկվել իշխանափոխության պահանջով հանրահավաքներ անող երեք ազատամարտիկներ:

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը գիտի, թե ինչու չեն բացահայտվում մարտական ընկերների դեմ բռնարարքները, ասում է՝ «իրենց արածն է, ի՞նչը բացահայտեն»: Գագիկ Սարուխանյանի գնահատմամբ, նախապես մշակված սցենարով, փորձ է արվում ահաբեկել ու լռեցնել ընդվզող քաղաքացիներին:

Մինչև օրս չի բացահայտվել նաև, թե ովքեր մեկ գիշերվա մեջ Երևանում հրկիզեցին ընդդիմադիրների վեց մեքենաները: Դրանցից մեկը Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանինն էր:

«Կազմակերպված հանցագործության բոլոր դետալները կան, և մեր ոստիկանությունը լռում է: Եթե կա այդպիսի ուժ, այդպիսի հանցավոր խմբակցություն, որը կարող է այդպիսի օպերատիվ տվյալների տիրապետելով կազմակերպի այսպիսի հանցագործություն, ուրեմն մենք չունենք ոստիկանություն», - ասում է Հակոբյանը:

Ավտոմեքենաների հրկիզումից ժամեր անց քաղաքի կենտրոնում դաժան ծեծի ենթարկվեց Գևորգ Սաֆարյանը, նա բողոքի ցույցից էր տուն վերադառնում:

«Երեք տեսախցիկներ կան այդ հատվածում՝ երեք-չորս, որոնցից երկուսը կամ երեքը շատ բարձր որակի են, նախատեսված են մեքենաների համարները ֆիքսելու համար, այսինքն՝ միանշանակ մարդու դեմքը ֆիքսելու են: Եթե ոստիկանությունը ուզենար, արդեն վաղուց այդ մարդիկ թե՛ հայտնաբերված էին, թե՛ ձերբակալված էին, բայց քանի որ նույն ռեժիմի անդամներն են, ոստիկանությունը չի ձերբակալում», - ասում է Սաֆարյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համամիտ է հնչող կարծիքների հետ, թե այս միջադեպերում ոստիկանության հետքն ակնհայտ է ու իրավապահներն իրենք են այս բռնությունների հեղինակները:

«Շատ ամոթ է, որ ոստիկանությունը հանդուրժում է նման կարծիքը: Որևէ դեպք չի բացահայտվում՝ բավականին երկար ժամանակ է․ այնքան, ինչքան ոստիկանապետ է Վլադիմիր Գասպարյանը: Եվ ոստիկանապետը իրավունք չունի հանրությանը դիմելու, որևէ խոսք ասելու», - ասում է իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG