Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան


Շանթ Հարությունյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Շանթ Հարությունյանի փաստաբանի փոխանցմամբ, ակնկալում են կա՛մ արդարացման որոշում, կա՛մ առնվազն վճռի բեկանում:

Երկու օրից լրանում է մեկամսյա ժամկետը, և նոյեմբերի 5-ի գործով գրեթե բոլոր դատապարատվծաները արդեն վճռաբեկ բողոք են ներկայացրել: Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահենի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, նախօրեին փոստով Վճռաբեկ դատարան ուղարկված դիմումով ակնկալում են կա՛մ արդարացման որոշում, կա՛մ առնվազն վճռի բեկանում՝ արժեքների հեղափոխության մասնակիցների գործ ուղարկելով նոր քննություն:

«Իմ պաշտպանյալների արարքում ընդհանրապես բացակայում է խուլիգանության հանցակազմը: Նրանք իրականում հետապնդվել են իրենց քաղաքական հայացքների համար, հանդիսանում են քաղբանտարկյալներ ուղղակի դա քողարկվեց քրեական հանցագործության տակ», - ասաց Պետրոսյանը:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6, անչափահաս որդին՝ Շահենը՝ 4, իսկ Վարդան Վարդանյանը 5 տարվա ազատազրկման:

Ինեսա Պետրոսյանն ասում է՝ հետազոտված որևէ ապացույց այդպես էլ չվկայեց խուլիգանության մասին․ - «Իրականում նրանք այդ արարքը չեն կատարել և եթե լուրջ մոտենանք այս հարցին ես ամեն դեպքում հույս ունեմ, որ Վճռաբեկ դատարանը այնքան բարձր կգտնվի, որ թույլ չի տա, որպեսզի այս գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսինքն, այստեղ կդրվի այն օբյեկտիվ և ճիշտ վերջակետը․․․ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք դիմել այդ վերջին քայլին»:

Միաժամանակ, սակայն, նա լավ գիտի, որ Վճռաբեկ դատարանի որոշումն էլ իշխանությունների քաղաքական կամքից է կախված․ - «Ինչո՞վ կարող է այլապես բացատրվել, որ առաջին ատյանի դատարանը այդպիսի հապճեպությամբ կայացվեց դատավճիռը՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում դատարանը, հեռանալով խորհրդակցական սենյակ, վերադարձավ և հրապարակվեց դատավճիռը, որը հետո պարզվեց, որ 150 էջից էր բաղկացած: Նույնը կատարվեց նաև վերաքննիչ ատյանում»:

Ֆելիքս Հայրապետյանը մասնակցել է Շանթի և ընկերների գործով գրեթե բոլոր դատական նիստերին: Նա հիշում է՝ վերաքննիչ ատյանն անգամ չփորձեց խորությամբ ուսումնասիրել գործի նյութերը, ուր մնաց վճռաբեկը, որ ավելի շուտ թղթաբանական գործընթաց է, և հայցը կարող է առհասարակ վարույթ չընդունվել․ - «Այդ մարդկանց անվանել խուլիգաններ․․․ Ես նույնիսկ շատ դժվարությամբ եմ արտաբերում այդ բառը, որովհետև նրանք խուլիգան չեն, նրանք հայրենասեր մարդիկ են»:

Շանթի ընկերը թարմ օրինակ է բերում՝ Փարիզում ֆրանսահայ երիտասարդը նռան հյութ էր շփել Թուրքիայի դեսպանի վրա, նրան միայն տուգանք է սպառնում․ - «Հաճելի է թուրքական դեսպանին, թե հաճելի չէ, բայց դա բողոքի ձև է: Նույնն էլ մեր տղաների բողոքն էր․․․ Այդ ի՞նչ էր կատարվել, որ նրանք պետք է առվազն վեց, յոթ տարի նստեն բանտում մենակ նրա համար, որ նրանք բողոքում են, որ ոստիկաններն իրենց դեմ սադրանք են կազմակերպել»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է, որ վճռաբեկում որևէ բան չի փոխվելու, Շանթին բանտում փակելը նախապես կայացված քաղաքական որոշում է․ - «Սերժ Սարգսյանի կաբինետում է այդ որոշումը կայացվել»:

Բավարար չէր արդյոք մեկուկես տարվա ազատազրկումը քաղաքական հաշվեհարդարի համար, իրավապաշտպաններն ասում են՝ ոչ, հակառակ դեպքում Շանթն ու ընկերներն արդեն ազատության մեջ կլինեին:

«Գողական կարգով ձեզ վերցրել ենք և ձեզ պահելու ենք այնքան, մինչև որ ձեր մեջից բոլոր տեսակի բողոքների հնարավոր երանգները դուրս գան: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև վերջի խազը», - նշեց Հայրապետյանը:

Ժաննա Ալեքսանյանն ասաց․ - «Վրեժը, որ կա նրանց մեջ, պատժելու պրոցես է և ոչ թե արդարադատություն: Եթե նրանք Շանթի անչափահաս որդուն են դատապարտել, շատ անբարո էր: Տեռոր ընտանիքի նկատմամբ»:

Ալեքսանյանը նաև Հայկ Կյուրեղյանին է մատնացույց անում, նրա համար ևս դատախազը խիստ պատժաչափ է պահանջում:

Իսկ Շանթը, ըստ իրավապաշպանի, կմնա ճաղերի հետևում այնքան, քանի դեռ չի հրաժարվել հետագա պայքարից․ - «Այսպես իշխանությունը իրեն ավելի ապահով է զգում, երբ Շանթը և նրա ընկերները ճաղերի հետևում են: Ունեն նաև պատանդ՝ Շանթ Հարությունյանի որդուն»:

XS
SM
MD
LG