«Հաշվի առնելով խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից», Գլխավոր դատախազությունը այսօր պարզաբանումներով է հանդես եկել Գյումրիի սպանդի գործով Ռուսաստանի գլխավոր դատախազին Հայաստանի գլխավոր դատախազի հղած նամակի առնչությամբ:
Դատախազության հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «ՀՀ գլխավոր դատախազը, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 2015 թվականի փետրվարի 3-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից»։ «Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար» հաղորդագրությանը կից հրապարակված է Հայաստանի գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից Ռուսաստանի գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը։ Ըստ այդմ, փետրվարի 20-ով թվագրված պատասխանում ռուսական կողմը հաղորդում է «քրեական գործը, որով մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վ․Պ․ Պերմյակովը», Հայաստանին փոխանցելու դիմումի՝ ներկայումս Ռուսաստանի գլխավոր դատախազությունում կազմակերպված քննարկման մասին և խոստանում քննարկման արդյունքները «լրացուցիչ հայտնել ամենամոտ ժամանակներս»:
Հայաստանի գլխավոր դատախազությունը, իր այսօրվա հաղորդագրությունում վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, նշել է նաև, որ Կոստանյանի միջնորդությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի «գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել»:
Գլխավոր դատախազությունը հորդորում է զերծ մնալ այս հարցի շուրջ անհիմն, ոչ մասնագիտական կարծիքներ հայտնելուց: «Գլխավոր դատախազությունը գործում է բացառապես իր լիազորությունների շրջանակում` իրականացնելով Հայաստանի սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված գործառույթները», - ասված է հաղորդագրությունում:
Ի պատասխան «Ազատության» հարցի, թե Գևորգ Կոստանյանը պատրաստվո՞ւմ է մեկնել Գյումրի՝ հանդիպելու Ավետիսյանների հարազատներին, դատախազության մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ Գյումրի մեկնելը այս պահին գլխավոր դատախազի օրակարգում չկա։
Հիշեցնենք՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հարազատները երեկ մի քանի ժամ հրաժարվում էին դուրս գալ Շիրակի մարզի դատախազի աշխատասենյակից՝ պահանջելով Հայաստանի գլխավոր դատախազի հետ հանդիպում Գյումրիում: Նրանք Կոստանյանին վերջնաժամկետ տվեցին մինչև հինգշաբթի՝ Գյումրի գալու ու իրենց հուզող հարցերին պատասխանելու համար, այլապես սպառնացին փողոց դուրս գալ: