Նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չստացած աշխատավարձը։ Ցուցարարների մեջ գերակշռում էն հատկապես նրանք, ովքեր արդեն մեկ ամիս է ինչ ազատվել են աշխատանքից։
«Որակյալ աշխատողներին փողոց շպրտեցին։ Ասում են՝ օրենքով ենք ազատել, ուրեմն թող օրենքով էլ մեր աշխատավարձը վճարեն»,- «Ազատության» հետ զրույցում ասում էին նրանք։
Արփի Թագոյանը ցույցերին իր 1.5 տարեկան փոքրիկի հետ է մասնակցում։ Ասում է՝ այնքան ժամանակ են գալու, մինչև արդյունքի հասնեն։
«Հիմնական պահանջը աշխատավարձերի վճարումն է, մարդիկ իրենց 18-24 ամսվա փողերը չեն ստացել։ Իմ բյուլետենի 4 ամսվա գումարը նույնպես չեմ ստացել, արդեն մեկ տարեկան, ութ ամսական է երեխաս։ Միասին գալիս ենք ամեն անգամ, հույս ունեմ մեր ձայնը տեղ կհասնի, չնայած հույսերը գնալով մարում են, բայց պետք է պայքարենք մինչև վերջ»,- ասաց Թագոյանը։
Կառավարությունը պետք է մարի «Նաիրիտ»-ի աշխատողների մոտ 15 միլիոն դոլարի աշխատավարձի պարտքը։ Օրերս գործարանի աշխատողները ստացել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվան Զախարյանին ուղղված իրենց նամակի պատասխանը, որում նշվում է, որ աշխատավարձի պարտքը պետք է վճարվի գործարանի գրավադրված գույքի վաճառքի հաշվին։ Դա անելու համար նախ բանկից համապատասխան թույլտվություն է պետք, ասում են գործարանի աշխատակիցները։ Նրանք սպասելու ժամանակ չունեն և ամբողջական պարտքը մարելու համար կառավարությանը 6 ամիս են տվել։
«Ոչ մի խոստում չեն կատարել, նոյեմբերի 20-ին պետք է մեր պարտքերը փակեին, էդպես էլ չեն կատարեցին, խաբում են, ամբողջ երկրին են խաբում»,- ասում էր ցուցարարներից մեկը։
«Զախարյանն ասաց՝ ամսի 25-ին մի աշխատավարձ կտան... բայց մի աշխատավարձը արդյոք մեզ բավակա՞ն է, թե չէ։ Իրենք չենք զգո՞ւմ, որ չնչին աշխատավարձ է դա»,- ասում էր մեկ ուրիշը։
Նաիրիտցիներին այսօր էլ ոչ ոք չընդունեց։ Հաջորդ բողոքի ցույցը, որը մասնակիցների համոզմամբ ավելի բազմամարդ կլինի, նախատեսվում է անցկացնել առաջիկա ուրբաթ օրը։
«Կառավարությունը ասել է, որ մինչև ուրբաթ օրը իրենց ժամանակ տանք։ Մենք մեր ներկայությունով հուշում ենք, որ սպասում ենք, ուրբաթ օրը պիտի պատասխան տան»։