Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները խոստացված աշխատավարձը փետրվարի 6-ին չեն ստանա


Նաիրիտցիները Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, 27-ը հունվարի, 2015թ.
Նաիրիտցիները Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, 27-ը հունվարի, 2015թ.

Նրանք պատրաստվում են նամակով դիմել նախագահին։

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները խոստացված աշխատավարձը փետրվարի 6-ին չեն ստանա, «Ազատության»-ը տեղեկացրեց գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր այցելել է գործարան ու հանդիպել գործարանի տնօրինության և աշխատակիցների հետ։

«Նախարարը խոստացավ որ այդ աշխատավարձը մենք կստանանք փետերվարի 25-ին, իսկ մինչ այդ, խնդրեց իրեն ժամանակ տալ գործարանի հետագա գործունեության վերաբերյալ Միջպետական և Համաշխարհային բանկի հետ բանակցությունները շարունակելու համար։ Նախարարը վստահեցրեց, որ բանակցությունները հաջող ընթացք ունեն, և արդեն փետրվարի 5-ին Համաշխարհային բանկը կսկսի աուդիտ իրականացնել գործարանում», - ասաց Հարությունյանը։

Նախարարի նոր խոստումն ու մեկ ամսվա աշխատավարձի մարման նոր ժամկետն, Անուշ Հարությունյանի խոսքով, զայրացրել է գործարանի աշխատակիցներին։ Նրանք որոշել են նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նշել հստակ ժամանակացույց աշխատավարձերի ամբողջական մարման համար։

«Մինչև շաբաթավերջ, նամակն արդեն պատրաստ կլինի և, ամենայն հավանականությամբ, մենք հերթական ակցիան կանցկացնենք և երթով նամակը կհանձնենք նախագահին», - ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, հունվարի 27-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վաղ առավոտից նախագահականի, ապա Էներգետիկայի նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող գործարանի աշխատողների 6 հոգանոց պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոստացավ, որ նաիրիտցիներն առաջիկա օրերին կստանան մեկ ամսվա աշխատավարձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG