Փետրվարի 4-ին ձերբակալված Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը այսօր ազատ արձակվեց՝ Գյումրիում նախատեսված բողոքի ցույցից րոպեներ առաջ:
«Շնորհակալ եմ բոլորից: Ընդհանրապես ոչ մի բան չէի ուզի հիմա ասել», - լրագրողների հետ զրույցում ասաց երիտասարդը, պատճառաբանելով, որ ուզում է նախ հասնել տուն և տեսնել հիվանդ մորը:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել հանրապետւթյունից չհեռանալու մասին ստորագրությամբ: Տռուզյանը հավելեց, որ 22-ամյա երիտասարդը շարունակում է մնալ կասկածյալի կարգավիճակում: Նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:
Նշենք, որ ոչ Մնացականը, ոչ էլ նրա փաստաբան Հայկ Հարությունյանը խափանման միջոցի մասին տեղյակ չէին:
«Ուղղակի որոշում է կայացվել ձերբակալվածին ազատելու մասին, ոչ մեղադրանք է առաջադրված, ոչ էլ խափանման միջոց է ընտրված», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ սառնաղբյուրցիները ամբողջ գյուղով համախմբվել ու պահանջում էին Մնացականին անհապաղ ազատ արձակել: Երեկ նրանք իշխանություններին ժամանակ էին տվել՝ սպառնալով հակառակ դեպքում այսօր կեսօրն անց դիմել կտրուկ քայլերի:
Մնացականին ազատ արձակելու պահանջով այսօր Գյումրիում նաև ավտոերթ էր նախատեսվում, որը, սակայն, տեղի չունեցավ: Ակցիայի մեկնարկից ժամեր առաջ Շիրակի մարզպետն իր մոտ էր հրավիրել նախաձեռնողներից Կարեն Պետրոսյանին ու վստահեցրել, որ ձերբակալված սառնաղբյուրցին ազատ է արձակվելու: Կարեն Պետրոսյանի կարծիքով, Գյումրիի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում այլևս ձերբակալումներ չեն լինի:
«Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Կարծում եմ՝ չի լինի, և ես ասում եմ՝ եթե ուզում են մարդ ձերբակալել, ապա պիտի ձերբակալեն այդ օրվա երեք հազար անձին, սկսած ինձանից: Եթե այդ սկզբունքով համաձայն են՝ խնդրեմ, թող վաղվանից սկսեն», - նշեց նա:
Մնացականի հոր՝ Մարտիրոս Ալեքսանյանի համար այդպես էլ պարզ չդարձավ թե ինչու հենց իր որդուն ձերբակալեցին:
«Իմ հարցը դեռ պատասխան չունի: Պարզ է, որ գործը դեռ կարճված չէ, տեղի կունենա հետաքննություն», - նշեց հայրը:
Ախուրյանի ոստիկանության մոտ էին նաև իրավապաշտպաններ: Լևոն Բարսեղյանի կարծիքով իշխանությունները հասկացան ու արագ գիտակցության եկան:
«Ոստիկանությունը, ճիշտ կլիներ, որ նախևառաջ իր գործողությունները ուսումնասիրեր, թե որտեղ ինչ սխալներ է արել, ինչ սադրանք է թույլ տվել հենց ոստիկանությունը, իսկ ժողովուրդը ստիպված է եղել ինքնապաշտպանվել: Երևի նաև վախեցան, որ լինելու են զանգվածային բողոքի ակցիաներ և որոշեցին նահանջել», - կարծիք հայտնեց Բարսեղյանը:
Արգիշտի Կիվիրյանն էլ ասաց, որ սառնաղբյուրցիների ու գյումրեցիների պահանջների ներքո իշխանությունները տեղի տվեցին:
«Ակնհայտ է, որ իշխանությունները ընկրկեցին, հասկացան, որ եթե իրենք շարունակեն այդ վարքագիծը, կարող է տեղի ունենալ պայթյուն, որովհետև ակնհայտ էր, որ գյուղը, հարակից բնակավայրերը, Գյումրին միացել էին ընդհանուր պայքարի՝ այս տղայի ազատության համար: Եվ միմիայն այդ պայքարի վախից է, որ իշխանությունները ազատ արձակեցին այս երիտասարդին», - նշեց իրավապաշտպանը:
«Ազատության» մեջ հայտնված Մնացական Ալեքսանյանը ասաց, որ եթե պետք լինի կրկին կպայքարի դուրս կգա:
«Խաղաղ երթի կմասնակցեմ», - խոստացավ նա: