Բալեյ քաղաքի (որտեղից զինծառայության է զորակոչվել Վալերի Պերմյակովը) զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքեց ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մինչև զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում՝ օլիգոֆրենիա (սակավամտություն) ախտորոշումով:
Տասը հազարից փոքր-ինչ ավելի բնակչություն ունեցող Բալեյ քաղաքը գտնվում է Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում՝ Չիտա քաղաքից 350 կիլոմետր արևելք:
«Ազատության» հարցին, թե արդյոք տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Լոգինովսկին պատասխանեց․ - «Իհարկե, չի համապատասխանում: Նա առողջ էր, և նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»:
Զինկոմիսարը հավելեց, որ իրենց քաղաքի բոլոր երիտասարդների պես Պերմյակովն էլ 14 տարեկանից զինկոմիսարիատում ենթարկվել է բուժզննման, և «եթե ինչ-որ բան այնպես չլիներ», հավանաբար կհայտնաբերեին:
Երեկ ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղվեցին տեղեկությամբ, թե Գյումրիի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը մինչև բանակ զորակոչվելը բուժում է անցել հոգեբուժարանում և նրա մոտ ախտորոշվել է օլիգոֆրենա, բայց, չնայած դրան, Բալեյ քաղաքի զինկոմիսարիատը նրան զորակոչել է:
Հաղորդվում էր նաև, որ Ռուսաստանի զինդատախազությունը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել ինչպես զինկոմ Լոգինովսկուն, այնպես էլ 21250 զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովին, որտեղ ծառայել էր Պերմյակովը մինչև Գյումրի տեղափոխվելը:
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Գյումրիի սպանդի քննությունը վարող հայկական կողմը Պերմյակովի հոգեկան առողջության վերաբերյալ փորձաքննություն չի իրականացրել:
«Որքան տեղյակ եմ՝ նման փորձաքննություն չի իրականացրել նաև ռուսական կողմը», - հավելեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Բայց երկրորդ կողմը կա այս հանգամանքի, որ եթե անգամ նա ունի որոշակի հոգեկան շեղումներ, դա դեռևո չի նշանակում, որ նա անմեղսունակ է: Իսկ քրեական գործի համար խիստ էական է անմեղսունակության կամ մեղսունակության հարցը, այլ ոչ թե հոգեկան հիվանդության հարցը: Այս դեպքում, որպեսզի անմեղսունակության հարցը որոշվի, պեքտ է միանշանակ փորձաքննություն նշանակվի:
Փորձաքննություն նշանակվելու դեպքում, Սարգսյանի խոսքով, փորձագետները պետք է գնահատեն՝ հանցագործության կատարման պահին նա կարո՞ղ էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը․ - «Նախնական այն վարկածն է՝ ինչքանով հաստատված կամ չհաստատված, որ նա մտել է ջուր խմելու, փաստորեն պատուհանը հանելու միջոցով, կամ կոտրելու միջոցով և այլն մուտք է գործել, ներսից դուռն է բացել: Կամ, ասենք, այնտեղ վախից ելնելով, փորձել է ինչ-որ գործողություններ կատարել և այլն: Այս ամեն ինչը գիտակցված գործողությունների մասին է խոսում»:
Հայաստանի քննչական կոմիտեից ողջ օրվա ընթացքում չհաջողվեց պարզաբանում ստանալ, թե մտադիր են փորձաքննության անցկացնել՝ պարզելու, թե արդյոք Պերմյակովը տառապում է սակավամտությամբ:
Ռուսական կողմը Ավետիսյանների իրավահաջորդներին տուժող կողմ չի ճանաչել
Փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Գյումրիի սպանդը քննող ռուսական կողմը Ավետիսյանների իրավահաջորդներին որպես տուժող կողմ չի ճանաչել, և ռուսական կողմում քննվող քրեական գործում Ավետիսայնների իրավահաջորդները ներգրավված չեն:
«Այնպես չէ, որ մենք դիմել էինք, և մեզ մերժել են: Այստեղ մենք որոշակի նկատառումներից ելնելով, որը բխում է հենց մեր շահերից, տուժող կողմի շահերը հաշվի առնելով, այս փուլում դեռևս հենց տուժողների հետ քննարկվում է հարցը՝ դիմե՞նք ռուսական կողմին, թե՞ ոչ», - ասաց փաստաբանը:
Հարցին, թե արդյոք տուժողները նույնպես գտնում են, որ գործը պետք է քննի հայաստանյան իրավապահ համակարգը, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ - «Բոլորս գտնում ենք, որ այդպես պետք է լինի, և դրանից ելնելով էլ որոշակիորեն ձեռնպահ ենք մնում այս փուլում ռուսական կողմին նման միջնորդություն ներկայացնելուց»: