Մատչելիության հղումներ

Համանախագահները Ադրբեջանին կոչ են արել «կատարել իր հանձնառությունները»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը «լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի»։

Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) այսօր տարածած համատեղ հայտարարությունում նշել են, որ «պետք է վերջ դնել անցած տարվանից աճող բռնություններին՝ վստահության վերականգնման և ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»,- հայտարարում են համանախագահները։

Համանախագահները նաև տեղեկացնում են, որ Մամեդյարովի հետ քննարկել են խաղաղության գործընթացի հնարավոր հետագա քայլերը, այդ թվում՝ համապարփակ բանակցությունները, որոնց արդյունքը կարող է լինել տևական կարգավորումը և որից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները։

«Մենք նախարարին հիշեցրեցինք մեր մանդատի մասին և մտահոգություն հայտնեցինք բանակցությունների գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերի և ԵԱՀԿ-ի դիտորդների պարտականությունների վերաբերյալ հնչեցված քննադատության առնչությամբ», - ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG