ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում և շփման գծում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ։
«Ես հորդորում եմ կողմերին ապահովել հրադադարը և ռազմական գործողությունների կասեցումը՝ համաձայն 1994 թվականի մայիսին ստորագրված համաձայնագրի։ Ես դատապարտում եմ բռնությունների ավելացումը, որոնց հետևանքը մարդկային կյանքերի կորուստն է, և կոչ եմ անում կողմերին պատասխանատվություն հանդես բերել և խուսափել այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության հետագա աճի»,- հայտարարել է Դաչիչը։
«Ուղղակի շփումները՝ ոչ միայն նախագահների միջև, բայց նաև այլ մակարդակներում, էական են մնում այս գործընթացի համար և պետք է ամրապնդվեն հրադադարի և ռազմական գործողությունների կասեցմամբ։ 2014 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Նյուփորթում և Փարիզում դրական քայլեր էին՝ ճիշտ ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն շարունակում է կազմակերպել ուղղակի շփումները, բայց միայն կողմերն են, որ կարող են և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը»,- նշել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը։