Մատչելիության հղումներ

Ադրբեջանի շախմատի հավաքականը հրաժարվել է Հայաստան գալ


Շախմատի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Հայաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը:

Ապրիլի 18-29-ը Ծաղկաձորը կընդունի շախմատի թիմային առաջնություններից երկրորդ ամենակարևոր մրցաշարը (առաջինը համարվում է Օլիմպիադան), սակայն Ադրբեջանը գերադասում է բաց թողել այն, հաղորդում է Azerisport-ը:

Շախմատի աշխարհի առաջնություններին մասնակցում են 10 ուժեղագույն թիմեր աշխարհի տարբեր շախմատային գերտերություններից: Ադրբեջանի հավաքականը մասնակցության իրավունք ստացել էր 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճած չեմպիոնի կոչման շնորհիվ:

Ադրբեջանը նախկինում երեք անգամ մասնակցել է աշխարհի թիմային առաջնություններին: Լավագույն արդյունքը գրանցել է 2010-ին՝ գրավելով չորրորդ տեղը:

Հարկ է նշել, որ Հայաստանում նույնպես 2015-ին Ադրբեջանում կայանալիք մարզական միջոցառումների հետ կապված տարակարծություն կա: Այս տարի Ադրբեջանը կընդունի մի քանի խոշոր մարզական մրցաշարեր. հունիսին Բաքուն կհյուրընկալի առաջին Եվրոպական խաղերը, ինչը վերջին տարիների ամենախոշոր իրադարձությունն է Ադրբեջանի մարզական օրացույցում, սեպտեմբերին Բաքվում կկայանա ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը, նոյեմբերին՝ ըմբշամարտի մեծահասակների ոսկե Գրան պրին: Երեք միջոցառումներում էլ Հայաստանը կարող է ունենալ ուժեղ թիմեր և ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 6-րդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը նախորդ տարվա վերջին առաջին անգամ իր մարզական կարիերայում հայտարարեց, որ դեմ չէ գնալ Բաքու: «Ազատության» հարցին շախմատիստը պատասխանեց. - «Կարծում եմ՝ դանակի դեմ պետք է խաղաղությամբ առաջ գնալ»։ Արոնյանը նաև հայտնեց, որ դեռևս մանրամասնորեն դիտարկում է իր մասնակցելու հրավերը, և վերջնական որոշում չի կայացվել:

«Սպորտը քաղաքականություն չի սիրում»

Պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող Եվրոպական խաղերը Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո կընդունի Բաքուն: Այս առիթով Ադրբեջանը երաշխիքներ է տալիս Հայաստանին և պնդում հայ մարզիկների մասնակցությունը խաղերին:

Հայաստանի մասնակցության հարցում Բաքվին է միացել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը, ով անցած տարվա հոկտեմբերին ժամանեց Հայաստան և ասաց, որ եթե Հայաստանը որոշի մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին, կստանա բոլոր անհրաժեշտ երաշխիքները:

Եվրոպական խաղերին մասնակցելու մասին դրական կարծիքի են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ), ինչպես նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Օրերս նախարար Գաբրիել Ղազարյանը «Ազատության» հարցին, թե արդյոք տրվե՞լ են համապատասխան երաշխիքներ, ի՞նչ փուլում է գործընթացը, և ի՞նչ կարծիքի է ինքը նախարարը, պատասխանեց. - «Անկախ նրանից՝ կգնանք, թե՝ ոչ, նախապատրաստական աշխատանքներ տարվում են, բայց այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ: Իսկ իմ անձնական կարծիքն է՝ բնականաբար, պետք է մասնակցել, սպորտը քաղաքականություն չի սիրում: Բաքվի կողմն էլ, ՄՕԿ-ն էլ խոստացել են ապահովել անվտանգությունը: Սա սպորտ է, ի՞նչ կապ ունի՝ Ադրբեջա՞նն է, թե՞ մեկ այլ երկիր»:

Հարկ է նշել, որ սպորտային տեսանկյունից երկու երկրներն էլ կտուժեն չմասնակցելու դեպքում: Հայ մարզիկներից Բաքվի խաղերին մասնակցելու հետ կապված բացասական է արտահայտվել դեռևս միայն հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Հայաստան - Ադրբեջան ուղիղ բանակցություն կայացել է ընդամենը մեկ անգամ, երբ հայ պատվիրակներ՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը անցած տարվա նոյեմբերի 20-ին ժամանել էին Բաքու՝ մասնակցելու Եվրոպական օլիմպիական կոմիտեի երկօրյա նստաշրջանին: Այցը համընկավ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցմանը հաջորդած իրադարձություններին, և Հայաստանի ներկայացուցիչները վերադարձան՝ խոստանալով Եվրոպական խաղերին մասնակցության հարցով հստակ դիրքորոշում հայտնել փետրվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG