Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակները մասնակցում են ԵՎՕԿ Բաքվի նստաշրջանին


Հայաստանի պատվիրակները մասնակցում են ԵՎՕԿ Բաքվի նստաշրջանին
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Այսօր Բաքվում պաշտոնապես բացվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) երկօրյա նստաշրջանը, որին մասնակցում են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) ներկայացուցիչները:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը նոյեմբերի 20-ին մեկնել են Թբիլիսի, որտեղից ժամանել են Բաքու:

Ադրբեջանի սպորտի նախարարությունից մեր ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տեղեկացրել են, որ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը համապատասխան արարողակարգով ապահովել են:

1news.az կայքում նստաշրջանի բացման, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի մասին ֆոտոշարք է տեղադրված: Դրանցից մեկում նիստերի սրահում առաջին կարգի դիմաց ձգվող սեղանի վրա այլ երկրների դրոշների թվում նաև Հայաստանի դրոշն է, որի հետևում նստած է Հայաստանի պատվիրակը: Մինչ այս պահը սա, թերևս, միակ ապացույցն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները իրոք ժամանել են Բաքու և այսօր արդեն մասնակցում են Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական օլիմպիական կոմիտեի նստաշրջանին:

Օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնը եկող տարի այնտեղ կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են: 2015 թվականին Բաքվում անցկացվելու են Եվրոպական օլիմպիական խաղեր: Նստաշրջանի մասնակիցները այցելելու են օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ, ծանոթանալու են նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքեին: «Ազերիսպորտ»-ի փոխանցմամբ՝ ՄՕԿ-ի նախագահն ասել է, որ Ադրբեջանի զարգացումը իր վրա մեծ տպավորություն է թողել, ու Ալիևին շնորհավորել է ձեռքբերումների համար:

Ալիևը հավաստիացրել է, որ Եվրոպական խաղերը կանցկացվեն հաջողությամբ: Զրուցակիցները նշել են, որ խաղերի նախապատրաստական աշխատանքները ընթանում են բարձր մակարդակով:

Հյուրերը Ալիևին հուշամեդալ են հանձնել: Միջազգային օլիմպիական կոմիտեի այս հուշամեդալը նախատեսված է պետությունների ղեկավարների համար, ու «ԱզերԹաջ»-ը նշում է, որ առաջիններից մեկը այն ստացավ Ադրբեջանի նախագահը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերին Պատրիկ Հիքեն և Թոմաս Բախը այցելել էին Հայաստան, որտեղ հանդիպել էին նաև նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ այս ամսվա սկզբին Հիքեն հայտարարել էր․ - «Բոլոր խնդիրները լուծվել են, նրանք [Հայաստանը] համաձայնել են մասնակցել խաղերին և նրանք նաև մասնակցելու են Բաքվում կայանալիք մեր գլխավոր նստաշրջանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG