Մատչելիության հղումներ

Հովսեփյանը և Բաստրիկինը համատեղ շտաբ ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել


Հովսեփյանը և Բաստրիկինը Գյումրիի գործով համատեղ շտաբ ստեղծելու հուշագիր են ստորագրել
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները Գյումրիի գործով համատեղ շտաբ ստեղծելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը Ավետիսյանների ընտանիքի գործով քննության ընթացքում երկու երկրների փոխգործակցությունը համակարգող շտաբ ստեղծելու մասին հուշագիրը ստորագրել են Գյումրիում՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի այցի ավարտին։

Բաստրիկինը Գյումրիից վերադարձել է Ռուսաստան։

Քննչական կոմիտեների ղեկավարների հանդիպման ավարտից հետո պատասխանելով հարցին, թե արդյոք հայ քննիչները հարցաքննե՞լ են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, Սոնա Տռուզյանը ասաց, որ այդ մասին ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի։ Նա նաև հավելեց, որ հայկական կողմը իր քննչական գործողությունները շարունակում է։

Ռուս պաշտոնյան այսօր ցերեկն էր ժամանել Գյումրի, որտեղ 102-րդ ռուսական ռազմաբազայում մոտ երեք ժամ տևեց նրա և Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարի հանդիպումը։

Ավելի վաղ Բաստրիկինը հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ռուս պաշտոնյան ասել էր, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:

Բաստրիկինը նաև վստահություն էր հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG