Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Արշակ Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։
Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 2185/հ եզրակացությամբ լիարժեք գնահատական չի տրվել նրան պատճառված մարմնական վնասվածքների աստիճանին։
«Ըստ եզրակացության՝ գլխուղեղի ցնցման ելքի ոչ պարզ լինելու հետ կապված առողջությանը պատճառած վնասի աստիճանը կորոշվի դեպքի օրվանից երեք շաբաթ հետո` 31.12.2014 թվականին, որի համար անհրաժեշտ է ապահովել փորձաքննվողի ներկայությունը ԴԲԳԳԿ ամբուլատոր քարտով», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։
«Արամ Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու համար բացատրություն է վերցվել դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետից, ով հայտնել է, որ փորձաքննության պահին Արամ Մանուկյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը տատանվել է թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների սահմաններում: Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքի օրվանից 21 օր հետո»։
Կոմիտեն պարզաբանում է, որ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի», հետևապես՝ անձը որպես կասկածյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու, այն է՝ Արամ Մանուկյանի առողջությանը թեթև վնասվածք պատճառելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
«Երևանի քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար։ Դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունն ստանալուց հետո, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա.Սվազյանի գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝դեկտեմբերի 11-ին բազմահարկ շենքի մուտքում ծեծի է ենթարկվել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Հաջորդ օրը՝ դեկտմեբերի 12-ին Մանուկյանի նկատմամաբ կիրառված բռնության դեպքի առիթով Հայաստանի քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը։
Լրատվամիջոցները նշում են, որ կասկածյալ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա: Սվազյանը նախկինում դատապարտվել է մաքսանենգության համար, ապա՝ համաներմամբ ազատ է արձակվել: