Իշխանափոխություն պահանջող ազատամարտիկներից ևս մեկը՝ Սամվել Հովսեփյանը հայտարարում է իր նկատմամբ ճնշումների մասին: Ղարաբաղյան պատերազմի վետերանի խոսքով, վերջերս իրեն հրավիրել են ոստիկանություն՝ դեռևս 3 տարի առաջ փակված մի ընկերությանը վերաբերող գործով: Իրավապահները պնդում են, որ այն միտումնավոր է սնանկացվել՝ հարկերից խուսափելու համար: Ազատամարտիկն այժմ վկայի կարգավիճակում է։
«2011 թվականի ինչ-որ ՍՊԸ-ի գործ է, որի մեջ ընդհանրապես ոչ մի տեղ ոչ գրանցված եմ․․․ Գործընթացի մեջ է եղել 2011 թվականից, էսօր վերհիշել են, վաղը կարող է մեկ այլ բան վերհիշեն, ի՞նչ է եղել», - նշեց ազատամարտիկը:
Հովսեփյանն ասաց, որ դեռևս մանրամասներ չի ուզում հրապարակել, բայց վստահ է, որ գործը վերհիշել են իր քաղաքական պայքարը ճնշելու համար․ - «Ման են գալիս, ճաշի մեջ մազ են ման գալիս»:
Հովսեփյանը հավելեց նաև, որ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի ու Մանվել Եղիազարյանի նման իրեն նույնպես առաջարկել են հեռանալ Հայաստանից, բայց չասաց, թե ով է առաջարկել, երբ և ինչու։
«Ես չեմ ուզում հիմա անուններ տամ, ինձ էլ են շատ բան առաջարկել, բայց ոչ մեկ բարոյական իրավունք չունի մեր լեգենդար հրամանատարներին, թեկուզ ցանկացած գյուղացուն խորհուրդ տալ, որ արտագաղթի Հայաստանից», - ասաց Հովսեփյանը:
Սամվել Հովսեփյանից բացի քրեական հետապնդումների մասին է հայտարարում նաև «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Նրա դեմ բողոք կա Աշտարակի ոստիկանության բաժնում այժմ քննություն է ընթանում։
Ռազմիկ Պետրոսյանը և նրա ընկեր ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը այս ամիս անհայտ անձանց կողմից ծեծկռտուքի մեջ էին ներքաշվել։ Միջադեպից օրեր անց հարձակման էր ենթարկվել նաև «Ազատամարտիկների դաշինքի» խոսնակ Սուրեն Սարգսյանը։
Նրանք չդիմեցին ոստիկանություն, իրավապահներն էլ գործ չհարուցեցին՝ պատճառաբանելով, թե բողոք չկա։ Հիվանդանոցից օրեր առաջ դուրս գրված Սուրեն Սարգսյանը կարծում է՝ իր վրա հարձակված դիմակավորները հատուկ պատրաստություն անցած տղամարդիկ էին։
«Գիտեին երբ խփել, որտեղ, ինչպես: Նման պատրաստվածություն անցնում են հատուկ ծառայություններում: Հարձակվողները դիմակավորված էին, սև հատուկ ջոկատայինի ֆորմաներով էին», - փոխանցեց Սուրեն Սարգսյանը:
Իշխանափոխության ձգտող ազատամարտիկները, այդուամենայնիվ, վստահ են, որ իրենց չեն վերաբերում Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նախազգուշացումները, թե ծառայությունը չի պատրաստվում իբրև կողմնակի դիտորդ հետևել իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր անողներին։
Ազատամարտիկներն ասում են՝ մեր նպատակն իշխանափոխությունն է, բայց միայն խաղաղ ճանապարհով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ ղեկավարը անհասցե կոչ էր արել՝ զերծ մնալ իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից: Գորիկ Հակոբյանն ասել էր, թե «Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասին կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ»։
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ասում է․- «Չեն կարող վերագրել, որովհետև մենք, այո, սահմանադրական նորմատիվների շրջանակներում, այո, համագործակցելով քաղաքական ուժերի հետ, այո, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել ենք, որ կանգնած ենք մեր ժողովրդի կողքին մինչև վերջ»:
Գեներալ Գագիկ Մելքոնյանը հավելում է․ - «Մեր նպատակն է մեր իշխանավորներին ասել, որ հարգելի իշխանավորներ, ունեք նախադեպը չեք կարողանում արդեն էս երկիրը ղեկավարեք, գնացեք և տեղերը զիջեք այն մարդկանց, որոնք էս երկիրը կարող են էս վիճակից հանել»: