Մատչելիության հղումներ

Երեկ Գյումրիում բուժօգնության է ստացել 28 մարդ


Ցուցարարների և իրավապահների բախումը Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության մերձակայքում: 15-ը հունվարի, 2015 թ․
Ցուցարարների և իրավապահների բախումը Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության մերձակայքում: 15-ը հունվարի, 2015 թ․

Երեկ գիշերը Գյումրիից Երևան տեղափոխված վիրավորված ոստիկաններից մեկը՝ 32-ամյա Հրանտ Ավետիսյանը վիրահատվել է:

«Հիվանդը վիրահատվեց: Կար ճակատոսկրի բեկորային վնասվածք: Վիրահատությունը շատ լավ է անցել: Գիշերը ժամը 4-ին տեղափոխվել է շտապօգնության վերակենդանացման բաժանմունք: Հիմա հիվանդի գիտակցությունը պարզ է, հարցերին պատասխանում է: Որոշակի վիճակից հետո կտեղափոխենք արդեն նեյրովիրաբուժական բաժանմունք, ընդհանուր հիվանդասենյակ՝ հետագա բուժման», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

Հիվանդանոց տեղափոխված մյուս երկու ոստիկաններից մեկը շարունակում է բուժում ստանալ Գյումրիին Բժշկական կենտրոնում:

Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ երեկ հոսպիտալացված մյուս ոստիկանը այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից․ - «Գլխուղեղի փակ վնասվածքով, ուղեղի ցնցումով ոստիկանը արդեն լավ էր, դուրս է գրվել: Երևանից է ինքը, գնացել է Երևան: Իսկ Գյումրիում մնում է ոստիկան Մկրտչյան Հարությունը, որը կոնքի վնասվածք ունի: Պառկած է, կմնա մի երկու օր մեր բժշկական կենտրոնում: Վիճակը գնահատվում է բավարար»:

Արմեն Իսահակյանն ասաց նաև, որ երեկ երեկոան ժամը 8-ից սկսել են վիրավորներ ընդունվել: Ընդհանուր առմամբ, 28 հոգի է բուժօգնություն ստացել, որոնցից 18-ը ոստիկաններ են եղել, 10-ը՝ շարքային քաղաքացիներ:

«Քաղաքացիները առաջին ժամերին են դիմել: Ստացել են բուժօգնություն: Թեթև վնասվածքներ են եղել՝ սալջարդեր, քերծվածքներ․․․ այրվածք կար առաջին-երկրորդ աստիճանի փոքր մակերեսով: Կար նևրոտիկ վիճակ, հիվանդ, որի մոտ նևրոզ էր սկսվել․․․ Ստացել են օգնություն, և նույնիսկ ամբուլատոր հսկողության կարիք շատերը չունեին»:

XS
SM
MD
LG