Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը, իսկ միգուցե նաև գործողությունները երեկ Գյումրիում տեղի ունեցած ժողովրդական հուզումների պատճառ հանդիսացան: Այս միտքը հնչեց այսօր երևանյան մամուլի ակումբներից մեկում հրավիրված ասուլիսում:
Բանախոսները՝ Ազգային ժողովի պատգամավորններ Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանն ու Արտակ Զեյնալյանը հարցեր բարձրացրեցին․ ինչպե՞ս կարող էին ռուսաստանցի զինվորականները զենքը ձեռքին և խախտելով Հայաստանի օրենսդրությունը՝ Հայաստանի տարածքում՝ ռազմաբազայից դուրս, մասնակցել օպերատիվ-որոնողական աշխատանքներին, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի իրավապահները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն ժամեր շարունակ չեն կարողանում գտնել Պերմյակովին, ում գրպանում կար երեք բջջային հեռախոս, և վերջապես՝ ինչո՞ւ են ռուս սահմանապահները խախտել հայ-ռուսական պայմանագիրը և Հայաստանի սահմանին Պերմյակովին ձերբակալելուց հետո նրան հանձնել են ոչ թե Հայաստանի իրավապահներին, այլ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային, հատկապես որ ձերբակալվածը եղել է քաղաքացիական հագուստով և առանց փաստաթղթերի, ինչպե՞ս են որոշել, թե ձերբակալվածը ով է:
«Կարծում եմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն համապատասխան պաշտոնատար անձինք, ովքեր անգործություն են ցուցաբերել, և այս իրավիճակն է ստացվել: Մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն, երբ այդ անձնավորությունը լքել է իր պոստը, շատ կարճ ժամանակ հետո իրավապահներին հայտնել են այդ մասին, որ զենքով մարդ է անհետացել: Որևէ բան չի արվել այս կապակցությամբ», - ասաց Արտակ Զեյնալյանը:
«Ինչո՞ւ անմիջապես չի հարուցվել քրեական գործ, ինչո՞ւ անմիջապես չի դիմվել դատարան, որպեսզի խափանման միջոցը կալանքը ընտրվի այդ կասկածյալի, և ինչո՞ւ չի սանրվել տարածքը», - շարունակեց իրավապաշտպանը. - «Երևանի կենտրոնում երթուղային տաքսիների մեջ մարդ փնտրելու անհրաժեշտություն չկար: Այդ մարդկանց [իրավապահներին] պետք էր տեղափոխել Գյումրի, որպեսզի նրանք այն ջանադրությամբ, ինչ որ երեկ Ազատության հրապարակից մարդ էին գողանում, դաշտերում փնտրեին կասկածյալին»:
Ասվեց, թե առնվազն կասկածներ կան, որ ի սկզբանե Հայաստանի իշխանությունները համաձայնել են ռուսական կողմին հանձնել որոնվող Պերմյակովին, քանի որ հենց սկզբից թույլատրել էին ռուս զինվորականներին Հայաստանի տարածքում ապօրինաբար մասնակցել օպերատիվ-որոնողական աշխատանքներին:
«Այս կասկածները կան, և դրանք զուրկ չեն փաստական հիմքից», - նշեց Զեյնալյանը:
«Բնականաբար, Ռուսաստանի [Պաշտպանության] փոխնախարարի այցը Հայաստան․․․ այդ ամեն ինչը պարտադրանք է եղել, որ պետք է դրան հանձնեն ռուսական ռազմաբազային: Որովհետև ես չեմ վստահում պաշտոնական հաղորդագրությունը, նույնիսկ չի բացառվում, որ հայ իրավապահներն են նրան բռնել և հանձնել ռուսական ռազմաբազային: Ուղղակի դեմքը փրկելու համար հեքիաթ են հնարել այդ սահմանապահ ուղեկալի հետ կապված, որը նույնպես քննություն չի բռնում: Որովհետև սահմանակալ ուղեկալում բռնվածը նույնպես պիտի հանձնվեր հայ իրավապահներին», - հավելեց Ավետիք Իշխանյանը:
«Այս ամեն ինչի ֆոնի վրա դիտարկենք Հայաստանի իրավապահների վարքագիծը», - ասաց Արտակ Զեյնալյանը՝ շարունակելով․ - «Այն, ինչ որ կատարվել է Ազատության հրապարակում, սա միայն օկուպանտներին ծառայող տեղացի պոլիցայների վարքագիծ է»:
«Չեմ կարողանում գիտակցել, թե ինչո՞ւ չի հայտարարվում սգո օր: Եթե այդպիսի բան լիներ, դա քաղաքական մեսիջ էր, թե Հայաստանի իշխանությունները ինչպես են վերաբերվում այս երկրի քաղաքացիներին», - ասաց Թևան Պողոսյանը: - «Քաղաքական իմաստով միգուցե և դառնում է այնպիսի մի բան, որ հատուկ քաղաքականություն է վարվում՝ Գյումրիի բնակչությունից, այսպես ասած՝ ազատվել, արտագաղթին նպաստել․․․ և ինքը կվերածվի միայն ռազմաբազայի տարածքի»:
«Գյումրիում մարդիկ ուզում էին պահել Հայաստանի պատիվը»
«Գյումրիում տեղի ունեցած ժողովրդական հուզումների հիմնական պատճառը Հայաստանի պատիվը պահելն է: Այն ինչ չարեց Հայաստանի իշխանությունը, անում է Հայաստանի հանրությունը», - ընդգծեց Ավետիք Իշխանյանը և շարունակեց․ - «Ի վերջո այս դեպքը ցույց տվեց, որ Հայաստանը ամեն տեղ զիջում է իր սուվերենությունը, և այդ զիջելը հասել է այն աստիճանի, որ նա իր արդարադատությունն է զիջում․․․ Այդ զիջման սահմանը ո՞րն է, մինչև ե՞րբ պետք է զիջես»:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ, հայ-ռուսական հարաբերություններն այսօր լիովին այլ կերպ կլինեին, եթե Հայաստանի քաղաքական ուժերը իշխանության գալու ճանապարհը չկապեին Ռուսաստանի հետ․ - «Ես հասկանում եմ, թե ինչու մենք վավերացրեցինք ԵՏՄ համաձայնագիրը: Բայց ես չեմ հասկանում, թե դա ինչու էր պետք անել հարյուր քանի ձայնով: Ասենք, հիսուն մարդ եթե դեմ քվեարկեր, այսօր բավականին այլ իրավիճակ կունենայինք: Բայց մեր քաղաքական ուժերը իշխանության գալու միակ ճանապարհը տեսնում են Ռուսաստանի միջոցով»: