Մատչելիության հղումներ

Ավետիսյանների հարազատները միանում են գյումրեցի ցուցարարների պահանջին


Ավետիսյանների հարազատները միանում են գյումրեցի ցուցարարների պահանջին
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00

Գյումրիում այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց քաղաքում դեռևս բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր կան։

Դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այսօր գերեզմանատանը, ուր երեկ վերջին հրաժեշտն էին տվել աճյուններին, հայտարարությամբ հանդես եկան։

Մորաքրոջ որդին՝ Սամվել Հովհաննիսյանը ասաց՝ իրենք ևս միանում են փողոց դուրս եկած հազարավոր գյումրեցիների պահանջին։ Գյումրեցիները պահանջում են ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին և այս գործի քննությունը հանձնել հայկական կողմին։

«Մեր բոլոր հարազատների անունից հայտարարում եմ, որ երեկվա դեպքերից մենք տեղեկություն չունենք, ոչ մի կազմակերպչական աշխատանք չի տարվել մեր կողմից, քանի որ մենք սգացել ենք մեր ցավը, մեր ցավի հետ ենք։ Մեր պահանջն է միայն արդարություն, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամենայն խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում։ Եվ իմանաք ինչ պատճառներով, ինչի համար է տեղի ունեցել այս դեպքը, որի համար ոչ թե միայն մենք՝ մեր հարազատներով, այլ ամբողջ հայ ազգն է սգում։ Ու չենք ցանկանում, որ սա կրկնվի որևէ այլ ընտանիքում։ Աստված տա, սա լինի առաջինը և վերջինը, ոչ մի մարդ չտեսնի այսպիսի դժբախտություն։ Մեր պահանջն է արդար դատավարություն այս հանցագործի նկատմամբ, այսպիսնները տեղ չունեն մեր հասարակության մեջ»,- ասաց Հովհաննիսյանը։

Գյումրիում այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց դեռևս բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր կան։ Ռուսական հաստատությունների՝ ռազմաբազայի զորամասերի, հյուպատոսարանի և զինվորական թաղամասի մոտ ոստիկաններ են հսկողություն իրականացնում։

Այս պահին ոստիկանական բաժանմունքներում երեկվա բախումների հետևանքով բերման ենթարկվածներ չկան։ Ոստիկանությունից տեղեկացրին, որ բերման է ենթարկվել 21 հոգի, 19-ի նկատմամբ տարբեր վարչական վարույթներ են հարուցվել։

Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխվել է 28 տուժած՝ 10 քաղաքացիական անձ և 18 ոստիկան։ Ոստիկաններից մեկին գիշերը տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Գյումրիի բժշկական կենտրոնում այս պահին մեկ ոստիկան է շարունակում ստանալ ստացիոնար բուժում։

Երեկվա տեղի ունեցածը հետևանք էր այն բանի, որ 16 տարի ռուս զինծառայողների կողմից կատարված գրեթե նույնատիպ հանցագործությունը դաս չի եղել ոչ հայկական, և ոչ էլ ռուսական կողմի համար, կարծում է Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

«Մթնոլորտը հիմա հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա, բայց, բնականաբար, յուրաքանչյուրիս ընտանիքում այդ կրքերը բորբոքված են, յուրաքանչյուրս էլ այս հարցում անհանդուրժող ենք, որովհետև մենք մեզ չենք կարող խաբել, հանգստացնել, որովհետև մի ամբողջ ընտանիք խաղաղ պայմաններում սեփական անկողինների մեջ գնդակահարվել է»,- ասաց պատգամավորը։

«16 տարի առաջ էլի այս օրերին այս ապրումները ունեցել ենք, ժողովրդի բողոքը, դժգոհությունը ավելի շատ պայմանավորված է նրանով, որ 16 տարի առաջ կատարվածը թե ռուսական, թե մեր կողմի համար պետք է դաս լիներ»,- ասաց Գրիգորյանը։

Մինչ այս պահը որևէ ակցիա Գյումրիում չի անցկացվել: Սպասում են իրենց պահանջի կատարմանը, թե երբ Հայաստանի գլխավոր դատախազը կդիմի իր ռուս գործընկերոջը՝ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG