Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին:
Նիստին մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ովքեր նիստի արդյունքներն ամփոփեցին համատեղ մամուլի ասուլիսում:
«Ալեքսանդր Գրիգորևիչի այս վառ ելույթից հետո ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ», - իր ելույթում, մասնավորապես, ասաց Սերժ Սարգսյանը:
Թեև ակնկալվում էր, որ Հայաստանը լինելու է այսօրվա գագաթնաժողովի գլխավոր թեման, սակայն Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, հակառակ սպասումների, ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի միանալու մասին պայմանագիրը, և միությունը, փաստորեն, արդեն 5 անդամ կունենա՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը:
Ավելին՝ Նազարբաևն ու Պուտինն իրենց ելույթներում նշեցին, որ Միությունը բաց է նոր անդամների համար, ընդ որում՝ ոչ միայն ԱՊՀ երկրների շարքից: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հատուկ ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է Եվրամիության հետ համագործակցության համար:
Ավելի վաղ Նազարբաևը հայտարարել էր, որ Եվրասիական միությունը նախկին Խորհրդային Միության վերականգնման փորձ չէ, և հավելել էր, թե՝ այն մարդիկ, ովքեր ուզում են վերականգնել Խորհրդային Միությունը «անխելք են»:
Ասուլիսի հերոսն, իհարկե, Ալեքսանդր Լուկաշենկոն էր, ով այսօր քննադատեց թե՛ Եվրասիական հանձնաժողովին, թե՛ ռուսաստանցի լրագրողներին, իր կոլեգաներին էլ կոչ արեց Եվրասիական միությունը չվերածել երկրորդ ԱՊՀ-ի:
«Մեր ժողովուրդները երկրորդ ԱՊՀ մեզ չեն ների», - հայտարարեց Լուկաշենկոն: