Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու պարագայում անգամ Հայաստանի ու Եվրամիության միջև առկա է համագործակցության դաշտ:
«Ազատություն»․ - Ձեր գնահատմամբ, արդյո՞ք բավարար դաշտ է մնում Եվրամիության հետ համագործակցության:
Կարեն Նազարյան․ - Նախ ասեմ, որ դեռևս 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ընդունվել էր Հայաստան - Եվրամիություն համատեղ հայտարարություն, որով մենք վերահաստատել էին Հայաստանի հանձնառությունը ավելի զարգացնել ու ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ: Ինչպես արձանագրվում է հենց այդ համատեղ հայտարարությունում, կողմերը համաձայնվել էին հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքի ստեղծման անհրաժեշտության շուրջ: Եվ տեղյակ եք արդեն, որ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձևավորման ուղղությամբ գործընթացն արդեն մեկնարկել է: Քննարկումներն ընթանում են թե՛ առևտրային հարցերի շուրջ և թե՛ քաղաքական, արդարադատության և ոլորտային համագործակցության բաղադրիչների շուրջ: Այս նպատակին հասնելու համար ակնկալում ենք, որ երկուստեք կարող ենք ամրագրել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները մի շարք ոլորտներում: Մասնավորապես, առևտրի և մնացած ոլորտներում, որ ես թվարկեցի՝ հաշվի առնելով, իհարկե, դրանց համատեղելիությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունների հետ:
«Ազատություն»․ - Եվրամիության հետ առևտրային համագործակցությունը շարունակելու, խորացնելու մասին վերջերս նաև Եվրամիության դեսպան Հրիսթեան էր խոսել: Որքանո՞վ է հնարավոր խորացնել այդ առևտրային համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին առևտուրն այսուհետ, ըստ էության, համակարգվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Կարեն Նազարյան․ - Մենք այս մասին ասել էին նախկինում և հիմա էլ հայտարարում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ առևտրի, բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման․․․ ես կարող եմ նույնիսկ ավելացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցություն և այլ բնագավառներում: Այս պահին, ինչպես ասացի, եվրոպական մեր գործընկերների հետ իրականացվում է մտքերի փոխանակում, և իմաստը այդ գործընթացի՝ ի հայտ բերել համատեղելի տարրերը: Մասնավորապես, նաև առևտրի բնագավառում»:
«Ազատություն»․ - Ձեր գնահատմամբ՝ այդպիսի տարրեր առկա՞ են:
Կարեն Նազարյան․ - Անշուտ կան, առկա են: Ես չէի ցանկանա կանխորոշել քննարկումների արդյունքները․ դեռևս առջևում պիտի լինեն հավելյալ շփումներ և քննարկումներ Եվրամիության հետ: Դրանք նախատեսված են նաև հունվար ամսվա առաջին կեսին: Այնպես որ, ես կցանկանայի դեռևս սպասել վերջնական կարծիք հայտնելու համար:
«Ազատություն»․ - Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Եվրամիություն և Ռուսաստանը՝ ԵՏՄ-ի հիմնական անդամներից մեկը, միմյանց նկատմամբ սանկցիաներ են գործադրում, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս համատեքստում Հայաստանի համագործակցություն մի կողմից ԵՏՄ-ի հետ, մյուս կողմից՝ Եվրամիության:
Կարեն Նազարյան․ - Նախ ասեմ, որ, անշուշտ, մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող աշխարհում, մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասին ինտեգրացիոն միավորումների և գործընթացների շրջանակներում: Հենց դրանով է պայմանավորված եվրասիական տնտեսական գործընթացին Հայաստանի միանալու որոշումը: Մյուս կողմից՝ նաև շարունակելու Եվրամիության հետ սկսված մեր փոխգործակցությունը: Ես այստեղ չէի ցանկանա փնտրել անհամատեղելիություն․ ավելի հակված ենք շարունակել աշխատանքը համատեղելի տարրերի շուրջ: Համագործակցությունը հնարավոր է, և այդ մասին նաև հայտարարում են Եվրամիության անդամ երկրները: Դրա վառ ապացույցը վերջերս Գերմանիայի կողմից արված հայտարարությունն էր:
«Ազատություն»․ - Կարո՞ղ եք ինչ-որ հստակեցումներ անել կապված Եվրամիության հետ նոր համաձայնագրի ժամկետների հետ: Ե՞րբ կարող է այն ստորագրվել:
Կարեն Նազարյան․ - Մինչև ժամկետները հստակեցնելը նախ պետք է ավարտենք մտքերի փոխանակման գործընթացը: Ինչպես արդեն նշեցի, դրանք ընթանում են ճյուղավորված՝ առևտրատնտեսական հարցերի շուրջ, նաև քաղաքական համագործակցության խնդիրների շուրջ։ Մտքերի փոխանակումը ավարտելուն պես անհրաժեշտ կլինի արդեն փորձել հասկանալ հնարավոր ժամկետների խնդիրը:
Այսօր ավելի վաղ, հիշեցնենք, «Արմենպրես» գործակալության հետ զրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որում առավելապես պահպանելու է Ասոցացման համաձայնագրում բանակցված բոլոր այն նորմերը, որոնք հնարավոր է պահպանել և որոնք չեն հակասում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: