Ընդդիմադիր «Ժառանգությունը» շաբաթ օրը քաղաքացիական ժողովներ անցկացրեց Վանաձորում և Գյումրիում:
Վանաձորում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քննադատելով իշխանությունների վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, հայտարարեց՝ միասնական օրակարգ պետք է ձևավորվի, պայքարը պետք է միասնական հարթակում ընթանա, ինչի արդյունքում կկարողանան հասնել ամբողջական իշխանափոխության։
Զարուհի Փոստանջյանը, շարունակելով այս թեման, ընդգծեց՝ այն քաղաքական ուժերը, որոնք չեն միանա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած միասնական օրակարգին, կանցնեն պատմության գիրկը, իսկ Հովհաննիսյանի առաջնորդած կուսակցությունը կշարունակի պայքարը՝ թեկուզ միայնակ։
Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, շեշտեց, որ բանակցությունները շարունակվում են գործընկերների հետ, հույս կա, որ միասնական օրակարգը իրականություն կդառնա։ Հովհաննիսյանի խոսքով՝ գոյություն ունեցող տարաձայնությունները ընդամենը տեխնիկական են, ոչ էական։
Մի քանի հարցեր են մնում, որ շտկվեն, այնուհետև կարող են քննարկել այն հարցերը, որոնք «Ժառանգության» ուշադրության կենտրոնում են՝ արտահերթ ընտրություններ, ամբողջական իշխանափոխություն, ասաց Հովհաննիսյանը։ «Ժառանգության» առաջնորդը շեշտեց, որ հենց սահմանադրական իշխանափոխություն պետք է իրականացվի։
Վանաձորում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ավելի կոշտ քննադատություն հնչեցրեց։ Նա անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջերս արած այն հայտարարությանը, թե գոտիները ձգելու ժամանակն է, և հայտարարեց, որ իշխանությունը պետք է իր գոտիները ձգի։
Թե՛ վանաձորցիները, թե՛ գյումրեցիները «Ազատության» հետ զրույցներում համակարծիք էին «Ժառանգության» այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, և որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի ապագան չէ։
Իր ելույթում ԵՏՄ-ին անդրադարձավ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ հունվարի 1-ից հասարակ քաղաքացիները կտեսնեն, թե ինչպես է այդ միությունը ազդելու առանց այն էլ իրենց աղքատիկ բյուջեի վրա։
Փոստանջյանը ասաց՝ հունվարից պատրաստվում են գործադուլներ, բողոքի տարբեր ակցիաներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն ամբողջական իշխանափոխությանը հասնելուն։ «Ժառանգության» ներկայացուցիչները կրկին փաստեցին, որ պայքարը շարունակելու են։
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ հաջորդ բողոքի ակցիան իր գործընկերների՝ Հայ ազգային կոնգրեսի հետ է անցկացնելու, մասնակցելու է դեկտեմբերի 10-ին նախատեսված մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին։
«Ժառանգությունը», հիշեցնենք, ոչ իշխանական եռյակի միակ անդամն էր, որը դեմ քվեարկեց ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վավերացմանը։ Սակայն կուսակցության առաջնորդը նշում է, որ այդ փաստը չի կարող խոչընդոտ հանդիսանալ եռյակի համագործակցությանը, կփորձեն նորից բանակցել, խոսել։
«Ժառանգությունը», ըստ էության, փորձելու է համոզել ԵՏՄ-ի պայմանագրին կողմ քվեարկած Հայ ազգային կոնգրեսին և «Բարգավաճ Հայաստանին», որ այս միությունը ամենևին էլ այն ուղին չէ, որն անհրաժեշտ է Հայաստանին։