Մատչելիության հղումներ

«Նախախորհրդարան»-ում կարծում են՝ ԵՏՄ-ին միանալով Հայաստանը մեկուսանում է


«Նախախորհրդարան»-ում կարծում են՝ ԵՏՄ-ին միանալով Հայաստանը մեկուսանում է
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Ինչպե՞ս կարելի է խարիսխ գցել տնտեսական փոթորկուն ծովում, «Նախախորհրդարանի» անդամներն էին այսօր այս հարցը բարձրացնում և դատապարտում Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորներին, որոնք երկու օր առաջ վավերացրեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության փաստաթուղթը:

Բացօթյա ասուլիսի ժամանակ «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգազսյանը մտահոգություն հայտնեց, որ այս քայլով Հայաստանը մեկուսացնում է իրեն հարևաններից:

«Եվ հիմա, երբ փոթորկուն վիճակում է գտնվում այդ շուկան, Հայաստանը որոշում է իր տնտեսական շատ կարևոր որոշումների կայացումը հանձնել երրորդ կողմին և իրենց մեկուսացնել իր մոտակա հարևաններից, նախ և առաջ Իրանից։ Այն դեպքում, երբ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում բազմաբևեռ իրավիճակ է ստեղծվում, և Հայաստանը, գտնվելով խաչմերուկում, հրաշալի առիթներ ունի օգտվելու այս նոր ստեղծվող բազմաբևեռայնությունից և ավելացնելու իր ինքնիշխանության չափը՝ թե տնտեսական, թե անվտանգության առումով»,- ասաց Չուգազսյանը։

«ԵՏՄ գնացինք անվտանգության նկատառումներից ելնելով» փաստարկները ընդունելի չեն Չուգասզյանի համար: Ո՞ր վտանգից խուսափեց Հայաստանը և ի՞նչ նոր մարտահրավերներ ստացավ անդամակցությամբ, հարց է բարձրացնում նա: Առավել և, երբ ամենամեծ վտանգն արդեն իսկ առկա է՝ ինքնիշխանության կորուստը:

«Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վստահ է, որ վարչակազմը շարունակաբար շահարկելու է անվտանգության հարցը՝սեփական իշխանությունը պահպանելու համար։

«Այս սահմանը չկա, միակ սահմանը Հայաստանը Ռուսաստանի աշխարհագրական տարածք ճանաչելն է, երբ մենք արդեն չենք քննարկում մեր երկրի անվտանգության հարցը, երբ մենք երկրի համար որևէ որոշում չենք կայացնում, որը փորձենք բացատրել մեր երկրի ռազմական անկախությամբ»,- ասաց Խառատյանը։

Խառատյանը հիշում է, որ անկախության տարիներին բոլոր կուսակցությունները չէին զլանում կրկնել, որ մեր հույսը մենք ենք, սակայն տարիների ընթացքում մաս-մաս զիջեցին երկիրը օտարին՝ հասցնելով գաղութացման:

«Այս պահին բացի «Ժառանգությունից» և մասնավոր երկու անձից, ԱԺ կուսակցությունները և Հայաստանի պատգամավորները ուղղակի ստորագրեցին Հայաստանի պարզ գաղութացման տակ»,- ասաց Ազգագրագետը։

«Նախախորհրդարանի» անդամն Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացրեց՝ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը պայքարելու է և չեղյալ է հայտարարելու Հայաստանի ինքնիշխանության և շահերի հաշվին կնքված բոլոր միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը:

«Հրավիրելու ենք հրապարակներ և տուն չենք վերադառնալու, մինչև այս ռեժիմից չձերբազատվենք»,- ասաց Սեֆիլյանը։

XS
SM
MD
LG