Մատչելիության հղումներ

Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վավերացումը «պատմական ամոթ էր»


Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վավերացումը «պատմական ամոթ էր»
please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00

Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու ընդդիմախոսները վստահ են, որ խորհրդարանում երեկվա քվեարկությունը չի արտահայտում ժողովրդի կարծիքը:

Եվրասիական տնտեսական միության հարցով խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով պատմական ամոթ էր: Նա վստահ է, որ քվեարկության արդյունքը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, բայց այսպես եղավ, քանի որ խորհրդարանը ընտրվել է կեղծ ընտրությունների արդյունքում։

«Ցավոք սրտի մեր ժողովրդի ճակատագիրը տնօրինում են վախկոտները, որ ներկայանում են որպես զգուշավոր, տգետները, ներառյալ նաև՝ գժերը, որ իրենց իմաստուն համարելով՝ տարրական պատկերացում չունեն իրավիճակից և իհարկե՝ ծախվածները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրիկյանը:

Gallup International ընկերության սեպտեմբերին հրապարակած հարցումների համաձայն՝ նախորդ ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն նվազել է Եվրասիական միության կողմնակիցների թիվը:

Եթե 2013-ի ապրիլին Հայաստանում հարցվածների 67 տոկոսն էր կողմ Ռուսաստանի նախաձեռնած դաշինքին, ապա այս օգոստոսին կողմնակիցների թիվը տասը տոկոսով նվազել է: Եվ չնայած այս թվերին, քվեարկության արդյունքները խորհրդային տարիների այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար անակնկալ չէին: Նրան միայն ապշեցրել էին քվեարկությանը հաջորդած ծափահարություններն ու պատգամավորների ոգևորությունը:

«Թվում էր, թե էդ մարդիկ հանգիստ պետք է քվեարկեին և գնային իրենց առօրյա հոգսերին, որովհետև նրանց առօրյա հոգսերը էդ քվեարկությունները չէն և օրենսդրական գործունեությունը չի: Ծափահարությունները դրա ցուցադրում էր իրենց ստրկամտության, կարճամտության», - ասաց Հարությունյանը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հանրապետական խմբակցության պատգամավորները պատճառաբանել էին՝ մենք չենք կարող ապրել առանց Ռուսաստանի,և «Եթե «պետք է մնալ ինչ-որ մեկի տիրապետության տակ, ապա ավելի լավ է մնալ Ռուսաստանի լծի տակ»։ Վարդան Հարությունյանի կարծիքով այս արտահայտությունները և ծափերը սերունդները հիշելու են և իրենց պատասխանը կտան դրանց հեղինակներին։

«Դարերով բերել ենք Հայաստանի անկախության դրոշը, հասցրել ենք 20-րդ դարի 90-ական թվականներ, և հիմա, թվում է, թե դրոշը պետք է փոխանցվեր էս մարդկանց ձեռքով մեր սերունդներին, բայց էս մարդիկ խոսում են ինչ-որ կամայական լծի տակ մտնելուց: Ժողովուրդը 90-ական թվականների սկզբին հանրաքվեով ասել էիր «այո»-ն, իր հստակ կողմնորոշված «այո»-ն ասել է անկախությանը, և այսօր ինչ էլ որ ուզենան անեն ժամանակավոր և ժամանակավրեպ քաղաքական գործիչները, էդ «այո»-ն է մնալու պատմության մեջ», - շեշտեց Հարությունյանը:

Պարույր Հայրիկյանը հանրապետականների փաստարկներից ապշել է։ Նա վստահ է, որ արժանապատվություն ունեցող մարդը նման բան չէր ասի: Հայրիկյանի խոսքով՝ գոնե կարող էին պատճառաբանել, որ կուսակցության ղեկավարությունը որոշել է կողմ լինել, իրենք էլ քվեարկում են․ - «Նրանք բոլշևիկյան իրենց դաստիարակությունից միայն պահպանել են այն, որ մենք պիտի ինչ-որ մեկի ճորտը լինենք: Դա այն է, ինչ մեր թշնամիները միշտ կամեցել են»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ նման կերպ մտածող մարդկանց հետաքրքրում է միայն սեփական բիզնեսը, իսկ երկրի ճակատագիրը տնօրինելու հարցը պարզապես որոշել են փոխանցել Ռուսաստանին։ Նավասարդյանի համար ցավալի է, որ այսօր նման մարդիկ են որոշում Հայաստանի ապագան։

«Դա ընդհանուր խնդիր է, ցավոք, մեր կառավարման ամբողջ համակարգի, որ այնտեղ իշխող դիրքերում են հայտնվել մարդիկ, ովքեր պետական պատասխանատվություն իրենց վրա չեն ուզում վերցնել», - ասաց Բորիս Նավասարդյանը:

Իսկ ի՞նչ է լինելու այս միությանը անդամակցելուց հետո․ զրուցակիցներս վստահ են, որ Եվրասիական միությունը ժամանակավոր կառույց է և ապագա չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG