Մատչելիության հղումներ

Ռուբլու «նոկաուտը»` նաև պատժամիջոցների արդյունք


Դրամի փոխանակման կետերում ամերիկյան դոլարն ու եվրոն նոր ռեկորդներ են սահմանում, Մոսկվա, 1-ը դեկտեմբերի, 2014թ.
Դրամի փոխանակման կետերում ամերիկյան դոլարն ու եվրոն նոր ռեկորդներ են սահմանում, Մոսկվա, 1-ը դեկտեմբերի, 2014թ.

Ռուսաստանի արժույթի անկմանը զուգահեռ որոշակի անկում է գրանցում նաև նախագահի վարկանիշը։

Եվրոպական միության ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հաննը երեկ ասել է, որ ռուսական ազգային արժույթի` ռուբլու շեշտակի անկումը, ի շարս այլ գործոնների, բխում է նաև Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներից։

Երեկ ռուբլին արժեզրկվել է ևս 8 տոկոսով՝ մեկ դոլարի գինը Ռուսաստանում հասել է 53 ռուբլի 29 կոպեկի, մեկ եվրոն վաճառվել է 66․5 ռուբլով։

«Դուք երևի գիտեք` ռուսական շուկաներում ռուբլու անկումը շարունակվել է, Մոսկվայի բորսայում անկում է, տնտեսական զարգացումն անկում է գրանցում, այս ամենը վկայում է պատժամիջոցների ազդեցության մասին, ես հուսով եմ, որ դա ռուսներին կստիպի անել առաջին քայլերը վիճակը կայունացնելու ուղղությամբ», - ասել է Հաննը։

Bloomberg հանդեսի փոխանցմամբ` ռուբլին միայն նոյեմբերին արժեզրկվել է 19 տոկոսով, իսկ ամբողջ տարվա ընթացքում` 34 տոկոսով, ինչը ամենավատ ցուցանիշն է 24 զարգացող պետությունների դեպքում։

Ռուսաստանում դոլարի և եվրոյի փոխարժեքի աճը պայմանավորված է համաշխարհային շուկաներում նավթի գնի անկմամբ, հունիսին մեկ բարելի գինը 115 դոլար էր, իսկ նոյեմբերին՝ արդեն 70։

Փաստորեն, ռուսական ռուբլին ամենավատ վիճակում է 1998 թվականի ֆինանսական դեֆոլտից հետո։

Արժեզրկմանը նպաստում են կապիտալի արտահոսքը և, իհարկե, տնտեսական պատժամիջոցները։

Ռուսաստանի տնեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն ասել է, թե նախկինում ենթադրվում էր, որ 2015 թվականին դոլարի միջին գինը կկազմի 37 ռուբլի 70 կոպեկ, բայց հիմա ակնհայտ է, որ անհրաժեշտ է վերահաշվարկ կատարել։

«Դա նշանակում է իրական եկամուտների անկում, ավելի բարձր սղաճ, մանրածախ առևտրի ծավալների և, հետևաբար, ներքին համախառն արդյունքի նվազում», - խոստովանել է Ուլյուկաևը։

«Հանրային կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 45 տոկոսը հետևում է ազգային տարադրամի արժեքի փոփոխություններին, 28 տոկոսը դրանք մտահոգիչ է համարում, 50 տոկոսը խոստովանում է, որ ռուբլու արժեզրկումն ազդում է կյանքի վրա, քանի որ գնաճ է առաջացնում, 43 տոկոսի կարծիքով՝ ռուբլու փոխարժեքի տատանումը որևէ ազդեցություն չի գործում։

Ռուսաստանցիների 73 տոկոսը տնտեսված գումար ընդհանրապես չունի, իսկ ունեցողների 93 տոկոսը խնայողությունները պահում է ռուբլով, և միայն մեկ տոկոսն է ցանկանում ռուբլին վերածել դոլարի կամ եվրոյի։

Ուշագրավ են նաև «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքները` նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը գրանցել է 6 տոկոսի անկում։ Եթե հոկտեմբերին նրան վերընտրելու պատրաստակամություն է հայտնել հարցված ռուսաստանցիների 88 տոկոսը, ապա նոյեմբերի վերջին` 82 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG