Մատչելիության հղումներ

Խորհրդարանը սկսեց քննարկել ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը


Ազգային ժողովն այսօր սկսեց քննարկել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ նպատակը տնտեսական ինտեգրացիան է․ 3 միլիոնանոցից Հայաստանը կվերածվի 170 միլիոնանոց շուկայի․ - «Եվրասիական տնտեսական միության հիմնական նպատակներն են․ անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ձևավորումը և համաշխարհային տնտեսության պայմաններում անդամ պետությունների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումն ու համակողմանի արդիականացումը»:

Փոխնախարարը պատգամավորներին հավաստիացրեց, թե 2-8 տարի որոշ (իշխանությունների հայտարարությամբ՝ մոտ 900) ապրանքատեսակների մաքսատուրքերը չեն փոխվի, փոխադարձ առևտուրն ավելի շահավետ կդառնա, տնտեսվարողների հնարավորությունները կընդլայնվեն այն աստիճանի, որ նրանք կկարողանան մասնակցել Ղազախստանի, Բելառուսի կամ Ռուսաստանի պետական գնումներին՝ ղազախ, բելառուս ու ռուս արտադրողների հետ հավասար իրավունքներով: Ըստ հաշվարկների, կարճ ժամանակում ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար 1.2 -2.5 տոկոսանոց կայուն աճ կապահովի:

Մի խոսքով, Կարայանը համոզմունք հայտնեց, թե մեր երկրին ու տնտեսվարողներին ԵՏՄ-ն մեծամասամբ դրական պահեր է պարգևելու՝ չհաշված գնաճը, որն անդամակցությունից հետո 0.3-0.6 տոկոսով կարող է թանկացնել մեր կյանքը:

«Դուք ինքներդ հավատո՞ւմ ես և գտնո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետության շահերը, իրականում երկարատև շահերը այս պայմանագրին միանալով պաշտպանված են լինելու», - Կարայանին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության անդան Թևան Պողոսյանը:

Փոխնախարարը պատասխանեց․ - «Այս միության միանալը Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք մեր արտահանումը զգալիորեն աճեցնել և դրանով իսկ ապահովել մեր բնակչության կենսամակարդակի աճ և ունենալ կայուն զարգացում: Այո, ես հավատում եմ, և ոչ միայն հավատում եմ, այլ չափից ավելի երևի լավատես եմ, և տեսնելով ու ներկա լինելով ամբողջ գործընթացներին՝ վստահաբար ձեզ կարող եմ հավաստիացնել, որ, այո, սա շատ դրական և լուրջ արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»:

Հարցուպատասխանի ընթացքում պարզվեց, որ ԵՏՄ-ին միանալու պարագայում մենք խնդիրներ կունենանք Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ:

«Միանալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ընդունել Եվրասիական տնտեսական միության միացյալ մաքսատուրքերի դրույքաչափերը, ինչը նշանակում է, որ որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքատեսակների համար մաքսատուրքի դրույքաչափը կլինի ավելի բարձր, քան մենք պարտավորություն ունեինք Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ստանձնած: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները համատեղ կիրականացնեն նոր բանակցություններ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, և այն բոլոր պարտավորությունները ու սանկցիաները, որ կկիրառվեն մեր պարտավորությունները խախտելու համար, այդ սանկցիաների և պարտավորությունների պատասխանատվությունը կմնա ոչ միայն Հայաստանի Հանրապետության վրա, այլ ընդհանրապետ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ», - պարզաբանեց Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG