Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորություններից օգտվելու համար Հայաստանը խնդիր ունի հարաբերությունները դնել «հավասարը հավասարի հիմունքների վրա»:
«Մի բան շատ ակնհայտ է, որ գործընթացը շատ սխալ տարվեց, իշխանությունները մի ճանապարհով գնացին, մեկ այլ տեղ հայտնվեցին: Ես չեմ ուզում ասել, որ վատ տեղ հայտնվեցին կամ լավ տեղ: Փաստ է՝ որ մենք հայտնվել ենք այստեղ, բայց, ակնհայտորեն, առաջին օրվանից իշխանությունների որդեգրած ուղղությունը բոլորովին այլ էր և դա տեսանելի էր բոլորի համար», - շաբաթ օրը Մոսկվայի հայ համայնքի հետ ունեցած հանդիպումից հետո «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: - «Հիմա հայտնվել ենք՝ որտեղ հայտնվել ենք, և սա, համենայնդեպս, որոշ տնտեսական հնարավորություններ է բացում Հայաստանի համար», - հավելեց նա:
Նախկին արտգործնախարարի կարծիքով, ԵՏՄ-ում Հայաստանը երկու խնդիր ունի. առաջինը` հնարավորինս պահպանելով քաղաքական ինքուրույնությունը, լավագույնս օգտվել ընձեռված տնտեսական հնարավորություններից, և երկրորդ` լինելով այդ միությունում, չփակել այլ հնարավորությունները:
«Ես կարծում եմ՝ դա հնարավոր է, այստեղ ճկուն քաղաքականություն վարելու խնդիր կա: Այստեղ նորից կոմպլեմենտարության վերադառնալու հարց կա՝ արդեն որոշ սահմանափակումներով», - պարզաբանեց նախկին արտգործնախարարը. - «Եթե նախկինում մենք կոմպլեմենտարություն անում էինք՝ բոլորովին մեր ձեռքերը ազատ էին, հիմա Մաքսային միության շրջանակներում լինելով հանդերձ, այդ սահմանափակումը հաշվի առնելով՝ նորից կոմպլեմենտարության սկզբունքը պետք է հիմքում դրվի, որպեսզի մենք կարողանանք, այնտեղ լինելով հանդերձ, իրոք այլ ուղղություններից էլ մաքսիմում փորձենք օգտվել»:
Ընդգծելով, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ սահմանափակել իր հնարավորությունները` Օսկանյանը նշում է. - «Հիմա, որպեսզի այդ բոլորը հնարավոր լինի, այնտեղ նախ պետք է լինի վճռականություն, փորձել հարաբերությունները դնել հավասարը հավասարի հիմունքների վրա, փոխադարձ վստահության և հարգանքի ճանապարհով կարողանալ այդ բոլորը իրականացնել, մի բան, որ չի հաջողվել այսօրվա իշխանություններին անել: Դա իսկապես բացակայում է հատկապես հայ-ռուսական հարաբերություններում: Երկրորդ՝ Հայաստանը պետք է ավելի ամուր լինի ներսում, ավելի համարձակ զգա իրեն, որ հնարավոր լինի իմ ասած երկու ուղղություններով կարողանալ արդյունավետ աշխատել»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի` ստորև տեղադրված տեսագրությունում: