Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունում բացասականը ավելի շատ է, քան դրականը․ Բագրատյան


Հրանտ Բագրատյանը «Ազատություն TV»-ի երևանյան ստուդիայում, 24-ը նոյեմբերի, 2014թ․
Հրանտ Բագրատյանը «Ազատություն TV»-ի երևանյան ստուդիայում, 24-ը նոյեմբերի, 2014թ․

Նախկին վարչապետը շեշտում է, որ այդ խնդիրը պետք է լուծվեր հանրաքվեով:

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մեջ «կա դրական և բացասական», և նրա կարծիքով՝ «բացասականը նույնիսկ ավելի շատ է, քան դրականը»:

Խոսելով դրականի մասին, «Ազատության» հետ զրույցում նախկին վարչապետը նշեց․ - «Իհարկե, մենք հնարավորություն կստանանք ազատ գործելու ռուսական շուկայում»: Այդուհանդերձ, նա հավելեց․ - «Այդ նույն դրականը կարող է բացասական դառնալ, երբ մենք մասսայաբար տեսնենք, որ և՛ մարդիկ, և՛ կապիտալը լքում են Հայաստանը, արդեն՝ մասսայաբար: Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»:

Բացասականից խոսելով, Բագրատյանը մատնանշեց երեք հանգամանք՝ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության զիջում է ինքնիշխանության որևիցե մաս, սա գլոբալիզացիա չէ՝ «և՛ Եվրամիության այդ 28 երկրների ընդլայնումը, և՛ Մաքսային միությանը՝ սա տարածաշրջանացում է, սա դեմ է գլոբալիզացիային, որը կունենա իր բացասական հետևանքները», և երրորդ՝ «վերջին հաշվով, մենք ազատական տնտեսական տարածքից մաքսատուրքերի առումով գնում ենք ավելի խստացված տնտեսական տարածք»:

«Այո, կա դրական, կա բացասական, բայց իմ անձնական կարծիքով՝ բացասականը մի փոքր ավելի է․ սա ինքնիշխանության կորուստ է», - հայտարարեց նախկին վարչապետը՝ շարունակելով․ - «Հնարավոր է, ես կհամարեի նորմալ, ամեն մի երկիր պրոբլեմի առաջ է բախվում և պարտավոր է լուծել այդ պրոբլեմը, բայց եթե տեղի ունենար հանրաքվե: Որովհետև դու զիջում ես ինքնիշխանություն, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, դե ուրեմն՝ գնա այդ ժողովրդին հարցրու, ասա՝ «հարգելի ժողովուրդ, կարելի՞ է ես զիջեմ ինքնիշխանությունը, թույլ տալի՞ս ես, թե՞ չէ»:

«Կանցնի հինգ տարի, տաս տարի, և եթե դուք հանրաքվեով եք մտել, ապա արդեն գոնե կսովորեք նման կարևոր որոշումներ կայացնելուց առաջ հարցնել ժողովրդի կարծիքը: Ե՛վ սիրտդ կհանգստանա, և՛ քո ներկայացուցիչը Եվրասիական տնտեսական միությունում կլինի ուժեղ, կասի՝ «սա իմ ժողովրդի որոշումն է»: Եթե մենք նման քաղաքական խնդիր ունեինք, խնդրեմ՝ հարցնեինք ժողովրդին, գնայինք», - շեշտեց Բագրատյանը:

«Իհարկե, Ռուսաստանի տնտեսությունը մյուս տարի կարող է վատ դրությունում հայտնվել, մնում է, որպեսզի ես և դուք, քանի որ մեր երկիրն այլևս գնում է դեպի ԵՏՄ, նստենք և մտածենք ու աղոթենք, որ Ռուսաստանի տնտեսությունը չվատանա իհարկե», - շարունակեց նախկին վարչապետը՝ մանրամասնելով․ - «Դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում նավթի գների հետ, բայց եթե ընդհանուր առմամբ ասենք՝ հնարավոր է հետագա վատացում, բայց կարծում եմ, որ արդեն եզրին է, այսինքն՝ չեմ ենթադրում, որ նավթի գների հետագա կտրուկ անկումը հնարավոր է»:

Ղարաբաղի վերաբերյալ հավաստիացումները «կիսով չափ են գոհացնում»

«Ազատության» հարցին՝ բավարարո՞ւմ են իրեն հավաստիացումները, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև չի լինելու մաքսային անցակետ, Հրանտ Բագրատյանը արձագանքեց․ - «Անկեղծ ասած՝ կիսով չափ, որովհետև իսկ եթե լինի՞: Կոնկրետ ի՞նչ է ստորագրված թղթում՝ մենք սա՛ պիտի նկատի ունենանք: Ինչ-որ մեկը, այո, գուցեև մեր պաշտոնյաները ավելի շատ գիտեն, քան մենք, շփվում են, ինչ-որ մեկը երևի թե ասել է, թե «լավ, ի՞նչ եք ուզում, չենք դնի»: Չնայած ասեմ, որ մի բան էլ կա՝ որ ֆիզիկապես ուզենան էլ՝ չեն կարող մաքսակետ դնել, որովհետև այդ դեպքում պիտի սահման քաշվի, փշալար Հայաստանի ու Ղարաբաղի միջև՝ մինչև մաքսակետ դնելը․ մեզ մոտ փշալար չկա: Այնուամենայնիվ, դա կիսով չափ է գոհացնում, որովհետև ես կուզենայի, որ հասկանայինք, որ Ղարաբաղը մեզ հետ է, կուզենայինք, որ այս դեպքում դա ինչ-որ ձևով ֆիքսվեր»:

«Որովհետև մի օր էլ կարող է ասեն, որ «չէ, եղբայր»․․․ Ի՞նչ եք անելու, եթե վաղը Ադրբեջանը հայտարարի, որ ուզում է ԵՏՄ մտնել, այդ դեպքում անմիջապես հարց կծագի, չէ՞՝ իսկ մաքսակետը որտե՞ղ պիտի լինի՝ Հայաստան-Ղարաբա՞ղ արանքը, թե՞ Ադրբեջան-Ղարաբաղ արանքը: Այսպիսի խնդիր կարո՛ղ է լինել: Այս տեսակետից, իհարկե, լուծումը ամբողջովին չի բավարարում», - շեշտեց Հայաստանի նախկին վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG