Մատչելիության հղումներ

Բաքուն ակտիվացրել է դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու մասին խոսակցությունները


Բաքուն ակտիվացրել է դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու մասին խոսակցությունները
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

Հայկական ուղղաթիռի խոցման միջադեպի շուրջ զարգացումներին զուգահեռ պաշտոնական Բաքուն ակտիվացնում է խոսակցությունները ամռանը Ղարաբաղում ձերբակալված, հայկական կողմի պնդմամբ, երկու դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու մասին։

Ուղղաթիռը կործանելու վերաբերյալ Արևմուտքից Ադրբեջանի հասցեին հնչող դատապարտող հայտարարություններին ի պատասխան՝ Բաքուն հիշեցնում է իր երկու քաղաքացիների մասին, որոնք Ղարաբաղում դատական պատասխանատվության են ենթարկվում սպանության, լրտեսության և այլ հանցագործություններ մեղադրանքով։

Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին հայրենիք վերադարձնելու հարցը Ադրբեջանի իշխանությունները փորձում են լուծել դիվանագիտական ճանապարհով. այս մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաևը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

Ադրբեջանցի պաշտոնյաները վերջին օրերի իրենց հայտարարություններում անուղղակի կերպով փորձում են խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակների վերադարձման հարցը կապել Ղարաբաղում ձերբակալված Գուլիևի և Ասկերովի վերադարձնելու հարցի հետ։

Մի-24 ուղղաթիռի անկման վայրից դիակներն ու ուղղաթիռի մնացորդները դուրս բերելու համար քաղաքական որոշում է պետք, Բաքվի հետ պայմանավորվել է պետք, ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել են թերթի ռազմական աղբյուրները՝ նախընտրելով մնալ անանուն։

Հայկական կողմը դիակների վերադարձման հարցը փորձում է լուծել Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով։ «Սակայն այս դեպքում Ադրբեջանի վրա ճնշման փորձերը հազիվ թե օգնեն»,- մեջբերելով զրուցակիցների խոսքերը՝ գրում է «Թուրանը»՝ հավելելով.- «Դեսպան Անջեյ Կասպշիկի արձագանքը ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ն միակողմանի քայլեր՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու չի անի»։

«Որքան էլ ծանր լինի հայերի համար, այդուհանդերձ, նրանք ստիպված են լինելու խնդրել Բաքվին»,- եզրափակել են «Թուրան» գործակալության անանուն ռազմական աղբյուրները։

Երեկ ուղղաթիռի անկման վայր է փորձել այցելել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, սակայն՝ ապարդյուն։ Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ դեսպան Կասպշիկն ասել է, որ ադրբեջանական կողմը դիտորդներին արգելել է մոտենալ դեպքի վայրին։

Բաքուն շարունակում է բացահայտ կերպով իր անվստահությունը հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը։

«Եթե նրանք գործելաոճը չփոխեն, ապա մենք կփորձենք հարցը լուծել սեփական ուժերով»,- անդրադառնալով վերջին զարգացումներին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը։

«Մենք Արևմուտքից արդարացի դիրքորոշում ենք պահանջում Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում հաջողության հասնել: Որովհետև նրանք նույնպես անտեսում են միջազգային իրավունքը»,- ասել է Մամեդովը։

Պաշտոնական Բաքվի խոսափողը նաև պնդել է՝ Ղարաբաղում անցկացված զորավարժությունը սադրանք էր Ադրբեջանի նկատմամբ:

Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը միջադեպից մեկ շաբաթ անց մնում է անհայտ։ Դեպքի վայրը անհասանելի երկու կողմերի համար էլ։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են տարածքը գնդակոծության տակ պահելու մեջ։

XS
SM
MD
LG