Ուղիղ մեկ շաբաթ առաջ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին դեռևս տեղեկություն չկա։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր, ըստ էության, զգուշացրեց Ադրբեջանի իշխանություններին՝ եթե առաջիկայում այս հարցում չփոխեն դիրքորոշումը, ղարաբաղյան կողմը ստիպված կլինի գործողությունների դիմել, ընդ որում, թե ինչպիսին կլինեն դրանք՝ կախված է Ադրբեջանից։
«Հնարավոր սրման, հնարավոր ոչ ցանկալի իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը ընկնում է բռնապետական Ադրբեջանի վրա, և այս իմաստով կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է շատ ավելի հստակ պրեսինգի ենթարկի», - ասաց Շարմազանովը։
Թեև արդեն մի քանի օր է օդաչուների ճակատագրի հարցով բանակցություններ են տարվում բայց Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից «Ազատությանը» փոխանցեցին, որ դրանք առայժմ արդյունք չեն տվել։
Երեկ ուղղաթիռի անկման վայր է փորձել այցելել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, կրկին՝ ապարդյուն։ Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ասել է, որ ադրբեջանական կողմը դիտորդներին արգելել է մոտենալ դեպքի վայրին։
«Ինչպես ցանկացած դիտարկման դեպքում, այս դիտարկման համար էլ նախապես հայտ է ներկայացվել զինվորականներին, նրանք են նախապատրաստում դիտարկումը, ինչի համար մի քանի օր է պահանջվում։ Այս դիտարկման հայտը մինչև ուղղաթիռի անկումն ենք ներկայացրել, այդ դեպքից հետո, բնականաբար, ես ցանկացել եմ դիտարկման կետը փոխել, բայց ադրբեջանական կողմում իմ աշխատակցի պատասխանն այն էր, որ այդ տարածքում իրավիճակը լարված է և հնարավոր չէ անվտանգության երաշխիքներ տալ, որը մեր աշխատանքի համար անհրաժեշտ է։ Դրա համար մենք որոշեցինք դիտարկումն անցկացնել նախապես պլանավորված տեղում, իսկ ուղղաթիռի մասով ես բանակցությունները շարունակում եմ», - ասել է Կասպշիկը, ով երեքշաբթի օրը մասնակցում էր շփման գծում անցկացված դիտարկմանը։
Այսօր այս հարցով Կասպշիկի հետ քննարկում է անցկացրել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպման ընթացքում հատուկ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Առայժմ ապարդյուն բանակցությունները և միջազգային կառույցների քայլերը այսօր Երևանում բողոքի ցույցի պատճառ էին դարձել։ Մի քանի տասնյակ երիտասարդներ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի դիմաց պահանջում էին հստակ քայլեր ձեռնարկել։
«ԵԱՀԿ-ից պահանջում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել ուղղաթիռի անձնակազմի մարմինները հայրենիք վերադարձնելու և Ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ։ Եվ մենք միաժամանակ մեր դժգոհությունն ենք հայտնում միջազգային կազմակերպությունների անտարբերության դրսևորմանը», - «Ազատության»-ը ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Բողոքի ցույցի կազմակերպիչները պահանջ-նամակ հանձնեցին ԵԱՀԿ գրասենյակ։ Արդեն 3 օր նույն պահանջներով գրասենյակի դիմաց հացադուլ է անում «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը։ Այսօր ԵԱՀԿ երևանյան ներկայացուցչության ղեկավարը նրան վստահեցրել է, որ իրենք փորձում են ստեղծված իրավիճակին լուծում տալ։
«Ինձ թվում է իրենք լուրջ չեն, քան իրենց մանդատի համապատասխան պետք է լինեին», - ասաց Սանասարյանը։
Ինչ վերաբերում է ուղղաթիռի անկման վայրին, ապա այստեղ կրակոցներն անընդհատ ինտենսիվանում են ուղղաթիռին մոտենալու փորձի դեպքում։
Ուղղաթիռի անձնակազմի հարցով զբաղվում է նաև Կարմիր Խաչի գրասենյակը, որտեղից «Ազատությանը» փոխանցեցին, որ բանակցությունները դեռ շարունակվում են։