Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այսօր առաջին նիստի ընթացքում եպիսկոպոսաց դասը աղոթել է խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներ մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հոգիների հանգստության համար և սրտակցություն հայտնել զոհված հայորդիների ընտանիքներին ու հարազատներին:
«Ստեղծված մտահոգիչ կացության առջև Եպիսկոպոսաց ժողովը իր զորակցությունն է հայտնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին` հայցելով Տիրոջ խաղաղությունը հայրենի մեր երկրին և ժողովրդին», - ասված է հաղորդագրությունում։
Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանձնարարել են եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստյան արարողություններ զոհված օդաչուների համար: Հանձնարարվել է նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:
Հիշեցնենք՝ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-13-ը ընթանում է Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: